Երևանում թուրքական խանութներ են հայտնվել
Հայաստանի մայրաքաղաքի ոչ արվարձանային հատվածներից մեկում, որ հիմա մենք անվանում ենք 3-րդ մաս, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումն առավել քան ջերմ ընդունելության է արժանացել: Երևանում արդեն ոչ միայն հարաբերությունների լուրն են ցնծությամբ ընդունում, այլև հենց թուրքերին:
Հայ առևտրականներից մեկը որոշել է ժամանակից շուտ նշել թուրքերի հետ մեր «հաշտությունը», և Գարեգին Նժդեհ փողոցի խանութներից մեկը սկսել է թուրքական անվանում կրել, շենքի ճակատին էլ խոշոր թուրքերեն տառերով գրված է խանութի անունը` YAKUZ EV TEKSIL: Հայերեն թարգմանաբար սա մոտավորապես նշանակում է` տեքստիլ տան համար:
Հասկանալի է, իհարկե, որ մեր առևտրականների հսկայական մի հատված թուրքական ապրանքների հաշվին է ապրում: Միևնույն ժամանակ հասկանալի է թուրքերի հետ եղբայրանալու լուրից հորթի հրճվանք ապրող հայ խանութպանի ուրախությունը, բայց անհասկանալի է մեր երկրի թեկուզ տեղական ինքնակառավարման մարմինների լռությունը:
Լուռ համաձայնությամբ այսօր Շենգավիթի թաղապետարանն է թույլատրում թուրքերեն ինչ-որ լղոզված արտահայտության ներմուծում հայկական հասարակություն և գովազդ, վաղը նույն այդ թուրքերեն նախադասությունները ավելի բարձր իշխանական վերնախավի` կրկին լուռ համաձայնությամբ կհայտնվեն նաև հանրային հեռուստատեսությունների եթերում:
Երևանում թուրքական խանութների ու թուրքերեն գովազդների առկայության մասին մենք տեղյակ պահեցինք նաև ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը: Պետական այս մարմնից անակնկալի եկած արձագանքեցին` խոստանալով սկզբում պահանջել, որպեսզի հանվեն թուրքերեն բոլոր գրառումներն ու գովազդները, իսկ եթե պահանջը չկատարվի, ապա հաջորդ քայլը դատարանն է լինելու:
Մենք կհետևենք իրադարձությունների ընթացքին ու նաև կգնանք մինչև վերջ` թուրքական նմանատիպ բոլոր թյուրիմացություններից ազատվելու համար:
Նաիրի Հոխիկյան












