Գլխավոր » Լրահոս

ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի պատասխանը Ալաադդին Բյույուքային

Նոյեմբեր 9, 2009թ. 18:54

Samvel NikoyanԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադդին Բյույուքայը հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ում կարծում են, որ ոչ մի խոչընդոտ չկա Թուրքիայի` Մինսկի խմբին  անդամակցելու հարցում և միակ խնդիրը կապված է Հայաստանի հետ, հետևապես. «Եթե ԵԱՀԿ-ում սկսվեն Թուրքիայի անդամակցության բանակցությունները, ապա Հայաստանը դեմ չի լինի»:

Թուրքական պատվիրակության ղեկավարի այս հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԺ  փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ArmAr.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց. որ Հայաստանը չի կարող համաձայնել, որ Թուրքիան դառնա բանակցությունների անմիջական մասնակից կամ միջնորդ, քանի որ Թուրքիան իր գործողություններով բազմիցս ապացուցել է, որ ինքը չի կարող չեզոք կողմ լինել և հավասարակշռված մոտեցում ցուցաբերել. «Տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս ապացուցել է, որ Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ինքը ադրբեջանամետ քաղաքականություն է վարում և նրանց շահերի արտահայտողն է բոլոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ԵԱՀԿ-ում: Թուրքիան  Ադրբեջանին տնտեսական, ռազմական, տեխնիկական, քաղաքական օժանդակություն է ցուցաբերում: Խոսք լինել չի կարող  Հայաստանի համաձայնության մասին, որպեսզի Մինսկի խմբի եռանախագահողներին միանա նաև Թուրքիան»:

Ինչ վերաբերում է թուրք պատգամավորի մյուս հայտարարությանը, ըստ որի Հայաստանը ոչ պաշտոնապես համաձայն է դուրս գալ ազատագրված տարածքներից, պարոն Նիկոյանն ասաց, որ դա պարզապես Թուրքերի ցանկությունն է, որը փորձում են շրջանառության մեջ դնել. «Հայաստանի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Այսօր բանակցությունները տարվում են  ԼՂՀ կարգավիճակի որոշման շուրջ: Եթե այս հարցը լուծում չի ստանում, չեմ կարծում, որ մնացած հարցերի մասին արժե ընդհանրապես խոսել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն