Թուրքիայում` Հայոց Ցեղասպանության մասին խոսելը մահվան գին արժե
Ստամբուլահայ լրագրող Սևակ Նշանյանը, ստիպված է եղել դիմել դատախազություն` մահվան սպառնալիքների ենթարկվելու բողոքով:
Հոկտեմբերի 29-ից Սևակ Նշանյանը համացանցի միջոցով ավելի քան 400 նամակ է ստացել, որոնցում գրված է եղել, թե նա մահվան է դատապարտված: Դատախազություն դիմած հայազգի լրագրողը չի թաքցրել, որ այդ հեռահար սպառնալիքներն իրեն շատ անհանգստացրել են: Նա ասել է.«Այն, ինչ կատարվեց Հրանտ Դինքի հետ, կարող է ինձ հետ էլ կատարվել: Յուրաքանչյու մարդ` այս կամ այն խնդրի առնչությամբ, կարծիք հայտնելու իրավունք ունի: Բայց Թուրքիայում այդ իրավունքը չկա, ինձ ուղղված մահվան սպառնալիքներով լեցուն նամակները դա են ապացուցում, որ խոսքի ազատությունը մոռացության է մատնված այս երկրում»: Այժմ Սևակ Նշանյանը սպասում է Թուրքիայի օրինապահ մարմինների համապատասխան գործողություններին:
Թուրքիայում ցանկացած ոք, անկախ նրանից, թե ինչ ազգության ներկայացուցիչ է, կարող է հայտնվել մահվան սպառնալիքի տակ, եթե հրապարակավ կարծիք հայտնի, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացվածը Ցեղասպանություն էր:
Այդպիսիք լռեցվում են այն մեթոդներով, ինչպես լռեցվեց Հրանտ Դինքը…
ArmAr.am












