ԿԳ նախարար. «Ջավախքի դպրոցների համար նախատեսված գույքը հասել է Վրաստան»
ArmAr.am-ի լրագրողի այն հարցին, թե ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի ջավախքահայության կրթական խնդիրներին օժանդակելու ուղղությամբ, նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ 2010թ. պետական բյուջում պահպանվել է թե’ Սփյուռքին հատկացվող դասագրքերի ծրագիրը՝ 70մլն դրամի չափով, թե’ Ջավախքի դպրոցներին գույքի մատակարարման ծրագիրը՝ 30մլն դրամի չափով։
ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ նախորդ շաբաթ Վրաստանի կրթության նախարարի հետ համագործակցության արդյունքում հնարավոր եղավ Ջավախքի դպրոցների համար նախատեսված գույքը հասցնել Վրաստան։ Այդ գույքն արդեն Ջավախքում է և պետք է բաշխվի հայկական դպրոցներին։
Այս տարվա ծրագրերից որոշակի խնայողություններ էլ կուղղորդվեն Սփյուռքի կրթական ծրագրերի աջակցմանը։ «Մենք ուզում ենք անցնել էլեկտրոնային դասագրքերի և հեռավար վերապատրաստումների ծրագրին։ Որպեսզի ավելի էժան և ավելի մեծ մասսայականություն վայելեն մեր բոլոր այն ծրագրերը, որոնք Սփյուռքի հետ են կապված։ Հաջորդ տարի ևս նույն ծավալով, ինչ այս տարի, նախատեսված է Ջավախքի և Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում»,- ասաց Ա. Աշոտյանը։












