ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ. «Նոր համագործակցություն չպետք է օգտագործվի հակամարտությունների քննարկման համար»
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց «Միջազգային եվրոպական շարժում» կազմակերպության Գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյին (Diogo Pinto):
Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանը բարձր է գնահատել Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում:
Իր հերթին գլխավոր քարտուղար Պինտոն կարևորել է Հայաստանի հետևողականությունը եվրոպական կառույցներին ինտեգրման գործընթացում` ընդգծելով Հայաստանի Եվրոպական շարժման դերակատարությունը եվրոպական խնդիրների եւ արժեքների տարածման գործում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար: Այդ համատեքստում փոխնախարար Ղազինյանն ընդգծեց, որ այդ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանին` ավելի մոտենալ եվրոպական ընտանիքին: Միաժամանակ ընդգծել է, որ համագործակցության այդ նոր հարթակը չպետք է օգտագործվի հակամարտությունների քննարկման համար, այլ այն պետք է ամուր հիմք հանդիսանա հետագա համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման գործում:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ:
ArmAr.am












