Արա Նռանյան. «ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը»
Օրերս ՀՅԴ-ն կազմակերպել էր մարզային այցելություններ, ստուգելու նպատակով, թե Հայաստանի բնակչությունն ինչ կերպ է ընկալում հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները: Պատկերը բավական անհանգստացնող է եղել:
Մարզային այցելությունների ընթացքում պարզեցինք, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին տեղյակ չէ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող գործընթացներից: Նրանք շատ սուղ տեղեկատվություն են ստանում, ի տարբերություն մայրաքաղաքի բնակչության»,- այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:
ՀՅԴ-ի մարզային այցի նպատակը եղել է ոչ միայն ուսումնասիրություն կատարելը, այլև տեղի բնակչությանն ակտիվացնելը:
Արա Նռանյանի խոսքով` Հայաստանն իր բոլոր լծակները, գործիքները տվել է Թուրքիային, ինչի արդյունքում հայտնվել է խաղից դուրս վիճակում: «Եթե այդպես շարունակվի, չեմ բացառում, որ քաղաքական մեծամասնությունը կհասկանա, որ սա խփելու է նաեւ իրենց»: Նռանյանը նաև ասել է, թե քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք ևս դեմ են հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացին, սակայն չեն կարող այդ մասին բարձրաձայնել, հետևապես, նախընտրում են առհասարակ լռելը:
«Այսօր ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, սակայն հարցն այն է, թե որքանո՞վ իրենք վճռական կլինեն, պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել այդ քաջությունը, պատրաստակամությունը, որ գոնե այս հարցում իրենց հստակ կարծիքն արտահայտեն: Եթե այդպես լինի, ապա վավերացման ժամանակ կունենանք բոլորովին այլ խորհրդարան»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը:
ArmAr.am












