Գլխավոր » Լրահոս

Հայաստանը պատրաստ է դիմակայելու խոզի գրիպը

Նոյեմբեր 10, 2009թ. 15:16

Խոզի գրիպի մասին շրջանառվող լուրերն անհանգստություն և տագնապ են առաջացրել հասարակության շրջանում: Հնարավոր համաճարակին դիմակայելու նպատակով հանրապետությունում իրականացվում են մի շարք միջոցառումներ: ՀՀ առողջապահության նախարարությունում A/H1N1/ վարակի դեմ պայքարի համար ստեղծվել է միջգերատեսչական շտաբ, որը համակարգում է ԱՆ փոխնախարար Հայկ Դարբինյանը: Առողջապահության պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ և Զվարթնոց, և Շիրակ օդանավակայաններում, ինչպես նաև  սահմանային հսկիչ կետերում արտերկրից ժամանող մարդկանց պարտադիր ստուգման են ենթարկում` ջերմություն չափող սարքերի միջոցով:

Մի քանի օր առաջ արդեն Հայաստանում հայտնաբերվել է հիվանդության առաջին կասկածելի դեպքը: Իրանի քաղաքացին, համապատասխան բուժում ստանալով, ետ է ուղարկվել Իրան: Եվս երկու դեպք արձանագրվել է Ռուսաստանից երկու օր առաջ Հայաստան եկած մեր համաքաղաքացիների մոտ, որոնք այժմ բուժվում են Հանրապետական հիվանդանոցում, և նրանց առողջական վիճակը բավարար է։

Նշենք, որ այդ երեք մարդկանց մոտ վարակի առկայության կամ բացակայության մասին վերջնական եզրակացությունը պետք է տրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիայում: Կասկածելի դեպքերի մասին անձնական նմուշներն ուղարկվել են Լոնդոն, իսկ պատասխանը կստացվի մեկ ամսից։

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիմակայելու այդ վիրուսին։ Նախարարը նշել է, որ մեր երկիրն ապահովված է դեղորայքով՝ այս պահին անհրաժեշտ 30 հազար դոզաչափ տամիֆլյու պատվաստանյութից ունի 7500 դոզաչափ, ձեռք կբերվի ևս 20 հազարը։

Հարություն Քուշկյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանին տամիֆլյու պատվաստանյութը նախատեսվում էր ուղարկել հունվարին, բայց քանի որ երկրում արդեն դեպքեր են արձանագրվել, ոլորտի պատասխանատուները բանակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ դեղամիջոցը ավելի շուտ երկիր հասցնելու համար: Բնական է, որ առաջինը պատվաստում կստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները` բուժաշխատողները:

Ինչևէ, մասնագետները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, ավելորդ դեղեր չօգտագործել և գրիպի նշանների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի:

«Յուրաքանչյուր համաճարակ ունի սկիզբ և ավարտ, և ես հույս ունեմ, որ սա էլ կավարտվի, ու շուտով մենք կմոռանանք այս մասին»,– ասել է Հարություն Քուշկյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն