Ի՞նչ տղամարդ պետք է լինի, որ արյան գնով ազատագրածը թղթով հանձնի թշնամուն
Չնայած Մադրիդյան սկզբունքները արդեն մի քանի տարվա կյանք ունեն, դրանք մինչ օրս շարունակում են հայերին անհանգստացնել և քննարկման առարկա դառնալ: Պատճառն այն է, որ հայ հասարակությունը տեղեկացված չէ, չգիտի, թե ինչ ասել է Մադրիդյան սկզբունքներ, և ինչ գին կարժենա այդ փաստաթղթի տակ ստորագրելը:
Հենց այս անհանգստությամբ է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ եղել «Մխացող պատրույգ» նոր բազմաբովանդակ ֆիլմի ստեղծմանը` շատ կարճ ժամանակահատվածում:
Տասը օր ռեժիսորը նկարահանումներ է կատարել Արցախում` շփվելով ազատամարտիկների և զոհված զինվորների մայրերի հետ: Ֆիլմում Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է Արցախյան ազատամարտի մասնակիցների դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, մի փաստաթղթի, որով նախատեսվում է փախստականների վերադարձ Լեռնային Արցախի Հանրապետություն և խաղաղապահների տեղակայում:
Ակնհայտ է, որ արցախցին տեղյակ չէ, թե ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքներ: Երբ հեղինակը նրանց հարցրել է, թե հնարավո՞ր է Արցախի մի մասի հանձնում` նրանք բարկացած բռունցք են ցույց տվել հենց հեղինակին` Ջիվան Ավետիսյանին:
Ֆիլմում խոսում են բոլորը` թե’ հասարակ գյուղացին` հայրենիքի առաջին պաշտպանը, թե’ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, լեգենդար Կոմանդոսը`Արկադի Տեր-Թադևոսյանը, թե’ այս պահին սահմանը պահող զինվորը, թե զոհված ազատամարտիկի զավակը, ով վստահ է, որ հոր գործը ինքն է շարունակելու: Եվ բոլորը համոզված են, որ ոչ ոք իրավունք չունի հող հանձնելու, այն հողը, որը ներծծված է հայրենանվեր զավակների արյամբ: Արցախցին վստահ է, որ թուրք-ադրբեջանցին տեսել է հայի կռիվը և երբեք ոչ մի պայմանով չի հանդգնի ոտնձգություն անել հայկական հողերի նկատմամբ:
Պատմում են, որ ադրբեջանցի զինվորից առաջ ադրբեջանցի բնակիչն էր լքում հայկական հողը, քանի որ գիտեր, որ օտարի` այս դեպքում հայի հողը, չի կարող պահպանել իրեն: Ազատամարտիկները և Արկադի Տեր-Թադևոսյանը միակամ են. եթե ՀՀ կառավարությունը սեփական հող ու օբյեկտներ ունի` թող տա ադրբեջանցուն, իսկ հայը զիջելու ոչինչ չունի, արդեն իսկ զիջում է դեռևս «քնած»` դաշտային Արցախի և Նախիջևանի հարցը: Ազատամարտիկները և որդեկորույս մայրերը հարց են տալիս, թե ի՞նչ տղամարդ պետք է լինի, որ արյան գնով ձեռք բերածը թղթով հանձնի թշնամուն:
Պատերազմի բովով անցածները չեն վախենում պատերազմից, եթե այն հայրենիքի պաշտպանության համար է մղվում: Ավելին` դեռ հիշում են Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի խոսքը, թե ինքը դեռ Ստեփանակերտում թեյ է խմելու և Սևանում իշխան է ուտելու, սակայն, ինչպես ֆիլմում ասում է նախկին ազատամարտիկն ու այսօր հայրենիքի պաշտպանը` բոլորս տեսանք, թե Էլչիբեյն ինչ կերավ:
Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահ զորքի տեղակայմանը, որ ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում, հայը վստահ է, որ լավագույն խաղաղապահը հայկական բանակն է, լավագույն զինվորը` թիկունքում, ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա իր ընտանիքը թողած հայը: Իսկ դեպի Արցախ` ադրբեջանցու վերադարձի մասին ոչ ոք լսել անգամ չի ուզում, քանի որ ծանոթ են թյուրք-ադրբեջանցու մոլախոտի նման տարածվելու և հաստատվելու հատկությանը, և խաղաղապահների «խաղաղապահությանը»:
«Մխացող պատրույգ» երկմասանոց ֆիլմի երրորդ մասը դեռ նկարահանման փուլում է: Այն կներկայացնի Արցախ աշխարհի մշակույթը, այդ թվում` մահմեդական հուշարձանները, որոնք կառուցվել են հիմնականում հայ շինարարի կողմից, սակայն մահմեդականների` պարսիկների կամ թուրքմենների պատվերով: Իսկ ադրբեջանական «հուշարձանները» Արցախի հողում կարելի է մատների վրա հաշվել, որոնց մի մասը ոչ այլ ինչ է, քան արցախցու տան կրկնօրինակներ, որին ավելացել է մինարեթը:
«Ֆիլմի նպատակը հայ մարդուն տեղակատվություն տալն է, քանի որ Մադրիդյան սկզբունքներն իրական վտանգ են` կախված մեր գլխին: Ֆիլմը նպատակ ուներ նաև ներկայացնել այօրվա քաղաքական գործիչների` Մադրիդյան սկզբունքների մեկնաբանությունը, սակայն ոչ ոք չցանկացավ այդ թեմայով խոսել: Ֆիլմը շատ արագ պետք է պատրաստվեր, և նկարահանումներն Արցախում իրականացվեցին ընդամենը տասն օրում: Արցախում բոլորը համոզված են, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու ոչ մեկ իրավունք չունի հող տալ թշնամուն, իսկ իրենք նման բան երբեք չեն անի»,- ասաց «Մխացող պատրույգ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Արմենուհի Կարեյան












