Սևանի ափի ապօրինի կառույցները ջրի մակարդակի բարձրացման դեպքում չեն փոխհատուցվելու
«Արարատի ոսկու գործարանը Սեւան տեղափոխելու հարցը փակված է: Այն կմնա իր տեղում»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Սեւանի էկոհամակարգի պահպանումը, վերականգնումն ու բնականոն զարգացումը գերագույն խնդիր է: Այն պահանջում է համալիր լուծում երեք ուղղությամբ` լճի մակարդակի բարձրացում, ջրի մաքրության, ինչպես նաեւ` բնական կենսաբազմազանության ապահովում:
«Խնդիրները փոխկապակցված են: Եթե միայն մի խնդիրն է լուծվում, ապա մենք անհրաժեշտ արդյունքը չենք կարող ստանալ: Եթե մենք Սեւանում չենք ունենալու մաքուր խմելու ջուր, լճում դրական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Եվ մեր բոլոր ծախսերը, ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում, ի չիք կդառնան»,- նկատում է Վլադիմիր Մովսիսյանը:
Նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել եւ ներկայացրել է նաեւ այն բոլոր ծախսերը, որոնք անհրաժեշտ կլինեն Սևանի խնդիրները լուծելու համար: Ծախսերի որոշ մասը կկատարվի պետական բյուջեի միջոցներով, մի շարք խոշոր ծախսեր պահանջող խնդիրներ լուծելու համար էլ փնտրվել են այլ միջոցներ, ներգրավվել դոնոր կազմակերպություններ:
Հրատապ լուծում պահանջող խնդիրներից են` մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհի բարձրացումն ու կառուցումը, Արփա-Սևան թունելի 3 կմ վթարային հատվածի հիմնանորոգումը: Սրանք, իհարկե, հրատապ լուծում պահանջող խնդիրների մի չնչին մասն է: Ասենք, որ դրանց ուղղությամբ աշխատանքները սկսվել ու շարունակվում են:
Ջրի մակարդակի բարձրացման խնդիրը լուծելով`խնդիրը ենք ունենում ափամերձ տարածքներում կառուցված շենք-շինությունների հետ: Արդեն իսկ հաշվառվել է, թե ինչ շինություններ են ջրածածկ լինելու Սևանի մակարդակի բարձրացման դեպքում: «1905 մետրից ներքև` ջրածածկ կլինի 1987 շենք եւ շինություն, որից 481-ը օրինական գրանցված են, իսկ 1216-ը` անօրինական, ինքնակամ կառույցներ են», – տեղեկացրեց Վ. Մովսիսյանը` հավելելով, թե` շատ մարդկանց հետ ենք գործ ունենալու:
«Եվս 910 կառույց շարժական է, իսկ դրանց տեղափոխումը պետք է կատարվի առաջիկա 23 տարվա ընթացքում»- ասաց Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը: Նրա փոխանցմամբ` այս ամբողջ շենքերի եւ շինությունների կադաստրային արժեքը կազմում է 2 մլրդ 500 մլն դրամ:
«Ասեմ, որ նրանք պետք է փոխհատուցվեն ոչ թե կադաստրային, այլ` շուկայական արժեքներով: Դա է մեր հանրապետությունում ընդունված կարգը: Մենք առաջարկում ենք, որ օրինական բոլոր կառույցները փոխհատուցվեն օրենքով սահմանված կարգով: Պետք է այդ տարածքը, որ մենք բարձրացնում ենք, համարվի գերակա հանրային շահ: Հետո կառավարությունը որոշում կընդունի այդ շենք- շինությունները հասարակական կարիքների համար օտարելու մասին: Երրորդ քայլը, որ մենք պետք է անենք, յուրաքանչյուր շենք-շինություն առանձին- առանձին, հատուկ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով գույքագրելն ու ուսումնասիրելը պետք է լինի, ինչպես նաև պարզելը` արդյոք դրանց պետական գրանցման հիմքերը իրավակա՞ն են, կառուցապատման թույլտվությունը իրավական դաշտո՞ւմ է, վարձակալության պայմանագրերը համապատասխանո՞ւմ են օրենքին: Այս բոլորից հետո միայն փոխհատուցում կտրվի»:
Նկատենք, որ այս ամենն ընդամենը հանձնաժողովի առաջարկությունն է, և Վլադիմիր Մովսիսյանի համար էլ հստակ չէ` կառավարությունը հանձնաժողովի առաջարկները կընդունի՞, թե՞ ոչ: Բայց հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, մի բան արդեն իսկ պարզ է. «Անօրինական կառույցները չեն փոխհատուցվելու»:
ArmAr.am













