Եթերային թանկարժեք ժամերը ազգային երաժշտության համար չե՞ն
ՀՀ ռադիոոլորտի մասնակի ուսումնասիրությունից պարզվեց, որ մոտ մեկ տասնյակի հասնող հայկական ռադիոկայաններից միայն «Իմպուլս» 106.5 ռադիոկայանում է ազգային երաժշտությունը գերադասվում այլ ոճերից: «Իմպուլս» ռադիոկայանում կան նաև ազգագրական երաժշտությանը նվիրված հաղորդաշարեր, որոնք բացակայում են այլ ռադիոկայանների, նույնիսկ` Հանրային ռադիոյի եթերից: Ամեն օր երկու ժամ ազգային երաժշտություն է եթեր հեռարձակում «Ռադիո Հայ»-ը, մասամբ` Հանրային ռադիոն, ՎԵՄ-ը և` վերջ: Հայկական այլ ռադիոկայաններից լավագույն դեպքում հնչում է հայկական էստրադա, որը ճիշտ կլիներ անվանել հայերեն էստրադա, որովհետև այստեղ բացի աղճատված հայերենից հայկական որևէ այլ տարր չկա: Նույն վիճակն է տիրում նաև հեռուստաեթերում: Սակայն այն, որ ազգային երաժշտության նկատմամբ կա պահանջարկ, ապացուցում է Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որտեղ երգեր պատվիրում են ունկնդիրները, և որի երգացանկում հիմնականում ազգային երգեր են: Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում ազգային երաժշտության նկատմամբ մեր եթերային դաշտի նման վերաբերմունքը, որը, մեր կարծիքով, պայմանավորված է զուտ կոմերցիոն նպատակներով: Ժողովրդական երաժշտությունից կտրվելը բերում է նրան, որ տվյալ էթնոսի ներկայացուցիչը կտրվում է այդ էթնոսի հետ նույնականացումից, այսինքն` մեծանում է նրա ձուլման, ուծացման հավանականությունը և նույնիսկ բերում է ձուլման: «Ժողովրդական երաժշտությունը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կա ազգային ինքնագիտակցությունը, և քանի դեռ ժողովուրդն ինքն իրեն տարբերում է այլ ժողովուրդներից,- ասում է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյանը:-Իսկ այն պահից, երբ ժողովուրդը սկսում է խառնվել այլ ժողովուրդներին, իր չափորոշիչներն սկսում է խառնել այլ ժողովուրդների չափորոշիչներին, այդ պահից փոխվում է նաև նրա երաժշտությունը»: Էթնոսների միջև տարբերությունը նրանց անդամներն առաջին հերթին զգում են մշակութային տարբերությամբ, և այդ մշակութային տարբերությունն էլ հիմնական արգելակման համակարգն է, որը խոչընդոտում է ձուլմանը: «Որևէ ժողովրդի ինքնաիդենտիֆիկացիան, ինքնանույնականացումը պարտադիր հոգևոր-մշակութային պրոցես է,- շարունակում է Մ. Նավոյանը:- Այսինքն` մենք այլ ժողովուրդներից տարբերվում ենք առաջին հերթին մեր մշակութային կուտակվածքով: Խառնեք այդ կուտակվածքը ուրիշին, փչացրեք այն, և դուք տարբերակվելու հնարավորություն չեք ունենա, դուք կշփոթվեք, կլուծվեք ուրիշների մեջ»: Անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը նշում է, որ ժամանակակից ցածրորակ «պոպ արվեստը», զանազան այլ օտար ներխուժումները կարող են բերել նրան, որ ազգը փոխվի, նրա ինքնապաշտպանական ուժերը թուլանան: «Վճռական պահերին մենք, հնարավոր է, այն եռանդը չկարողանանք ցուցաբերել, որոնք պետք են հաղթանակի հասնելու համար»: Հաշվի առնելով ազգային երաժշտության հսկայական նշանակությունը` անհրաժեշտ է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը որդեգրի հստակ քաղաքականություն` ազգային երաժշտության քարոզման ուղղությամբ: Արդեն որոշ քայլեր արվում են, մասնավորապես` 2008թ-ին նախարարությունը դրամաշնորհ էր հայտարարել ազգագրական երաժշտությանը նվիրված լավագույն ռադիոհաղորդման համար: Ցավոք, ծրագիրը կարճաժամկետ էր: Սակայն կարևոր է, որ նման միջոցառումները լինեն պարբերական և ընդգրկեն հատկապես հանրային հեռուստա-ռադիոոլորտը: Հանրային հեռուստատեսությունում, որն ունի հայության շրջանում ամենամեծ սփռումը, չկա ոչ մի հաղորդաշար, որը պարբերաբար հնչեցնի ազգային երաժշտություն, իսկ ադրբեջանական կամ թուրքական հեռուստաեթերներում մշտապես հնչում է իրենց «ազգային» երաժշտությունը: Այս պարագայում անհրաժեշտ է, որ Մշակույթի նախարարությունն օրենք ընդունի, ըստ որի` բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին պարտադրվի երաժշտական եթերի մի մասը հատկացնել ազգային երաժշտությանը, որովհետև այլ կերպ ազգային երաժշտությունը, ժամանակակից ԶԼՄ-ների առևտրայնացման պայմաններում, հանրային ոլորտից կարող է անհետանալ, ինչի հետևանքների մասին վերը նշվեց: Վահան Միրաքյան












