Գլխավոր » Լրահոս

Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբեր 10, 2009թ. 19:13

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ուղերձով դիմել է երիտասարդներին, որտեղ ասված է.

«Սիրելի երիտասարդներ, գործընկերներ,

Այս օրը` 1945 թվականի նոյեմբերի 10-ին, Լոնդոնում տեղի ունեցած համաշխարհային համաժողովի ժամանակ հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, իսկ նոյեմբերի 10-ը սկսեց նշվել որպես Երիտասարդության համաշխարհային օր: Այս կոնֆերանսը հրավիրվել էր Երիտասարդության համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և խնդիր ուներ պայքարելու ֆաշիզմի դեմ:

Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան ձախակողմյան կազմակերպություն է և ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես միջազգային երիտասարդական ոչ կառավարական կազմակերպություն: Սառը պատերազմի տարիներին այս կազմակերպությունն Արևմուտքում դիտարկվել է որպես խորհրդայնամետ կառույց: Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնն առավել ճանաչված միջոցառումն է, որը ֆեդերացիայի կողմից պարբերաբար կազմակերպվել է տարբեր երկրներում:

Թեև այսօր մենք ապրում ենք այլ աշխարհաքաղաքական իրողության մեջ, և այս առումով էլ 1999թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից օգոստոսի 12-ը հայտարարվել է Երիտասարդության միջազգային օր, սակայն բազմաթիվ խնդիրներ, որոնք այս շարժման ժամանակ կարևորվել են, այսօր էլ մնում են միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում` պայքար խաղաղության համար, պայքար ֆաշիզմի և ռասիզմի դեմ, սոցիալական խնդիրների լուծում և այլն:

Օգտվելով առիթից` օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հանրապետության բոլոր երիտասարդներին և հավաստիացնել, որ պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում մենք կարևորելու ենք երիտասարդների քաղաքական, տնտեսական և մշակութային բազմազանությունն ու մասնակցությունը»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն