ԼՂՀ-ում կանխել են «Եհովայի վկաների» գրանցումը
Վերջերս «Եհովայի վկաներ» կոչվող աղանդավորական կազմակերպությունը դիմել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրին` պետական գրանցում ստանալու նպատակով: Սակայն մերժում էր ստացել` կարգավորող մարմնի բացասական եզրակացության հիմքով:
Մեր տեղեկություններով, աղանդավորները, մերժում ստանալուն պես, դիմել են դատարան:
Աղանդավորական այդ կառույցի քայքայիչ գործունեության դեմ ոտքի են կանգնել հանրապետության երիտասարդական բոլոր կազմակերպությունները: Նկատենք, որ այս քայքայիչ աղանդի դեմ պայքարում առավել ակտիվություն են դրսևորում հատկապես արցախցի երիտասարդները:
Դատարանում հայցադիմումի վիճարկման պահին մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվել է բողոքի երթ` ընդդեմ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության: Երթի մասնակիցները Սուրբ Հակոբ եկեղեցուց շարժվել են մինչև դատարանի շենք:
Ասենք, որ դատարանը միանշանակորեն մերժեց «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության ներկայացրած հայցադիմումը:
Փաստորեն, դրսից ներմուծված աղանդավորական կառույցները փորձում են ակտիվանալ նաև Արցախ աշխարհում: Սակայն վստահ ենք, որ նրանք կարժանանան արցախցու համառ դիմադրությանը: Բոլոր փորձություններից հաղթանակով դուրս եկած արցախահայը, նրա ազգանվեր հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի գլխավորությամբ, կկարողանա ժամանակին հակահարված տալ քայքայիչ աղանդներին` կանխելով նրանց վտանգավոր մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
ArmAr.am












