Ինչո՞ւ է ձգձգվում «Կրոնի մասին» օրենքի ընդունումը
Այն, որ Հայաստանն այսօր հեղեղված է բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններով, դա փաստ է։ Ամեն մեկն իր մեթոդներով փորձում է հնարավորինս շատ «մոլորյալների» իր ցանցը գցել: Կրոնական մոլեռանդների անօրինական գործողություններին Հայաստանում հնարավոր չէ ոչինչ հակադարձել, քանի որ չունենք հստակ օրենք: Ներկայումս գործող օրենքը դեռ մի բան էլ կանաչ լույս է վառում նրանց ճանապարհին:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով, այդ անչափ կարևոր խնդրի կարգավորման միակ մեխանիզմը «Կրոնի մասին» օրենքի ընդունումն է, որի օրինագիծը վաղուց ներկայացված է ՀՀ խորհրդարան, սակայն, չգիտես ինչու, օրենքի ընդունումը ձգձգվում է: Չենք կարող չասել, որ այդ խնդրով խիստ մտահոգված էր հանրապետական Արմեն Աշոտյանը` դեռ պատգամավոր եղած շրջանում, երբ ղեկավարում էր ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովը: Սակայն նրա` Կրթության և գիտության նախարար նշանակվելուց հետո, ողջ գործընթացը կարծես սառեցվել է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված ArmAr.am-ի լրագրողի այն հարցին, թե այլևս իրեն չի՞ մտահոգում «Կրոնի մասին» օրենքի ճակատագիրը, նախարար Աշոտյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ այն նախագիծը, որն իմ գործընկերների հետ ժամանակին մտահղացել եմ, և որը Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերմամբ արդեն ընդունվել է, կհասնի իր տրամաբանական ավարտին։ Բայց դրա համար՝ աշխատել է պետք»։
ArmAr.am












