Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Երկրում ներքաղաքական լարվածություն է հասունանում
Երեկ Թուրքիայի խորհրդարանում, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող` Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև: Ասենք, որ բարեփոխումների փաթեթը վերաբերում է քրդական հարցերին:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները քննարկման ընթացքում իրենց բողոքն են արտահայտել` հնչեցնելով հակակառավարական կոչեր:
Ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը խանգարելու նպատակով, հենց նրա խոսքի ժամանակ, բարձրացվել են ցուցապաստառներ` հետևյալ բովանդակությամբ. «Քրդերը, հայերը թուրքերի թշնամիներն են», «Չմոռանանք Աթաթյուրքի անունը» և այլն:
Թուրքիայի Մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, ընդհատել է բարեփոխումների փաթեթը ներկայացնող Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի խոսքը և կոչ արել իջեցնել ցուցապաստառները, քանի որ խորհրդարանը ցույցի վայր չէ: Սակայն, երբ իշխող կուսակցության փոխնախագահ Սուադ Քալըջը մեղադրել է ընդդիմությանը` Թուրքիայի ազգային շահերի դավաճանության մեջ, ընդդիմության և իշխանության պատգամավորների միջև ձեռնամարտ է սկսվել:
Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ժամանակն է նման փոփոխություններ իրականացնել և, եթե իրենք չգնան այդ քայլին, ապա Թուրքիան «երբեք չի առողջանա»:
Հիշեցնենք, որ այս բարեփոխումների առաջնային կետերից են` քրդական լեզվի անարգել կիրառման թույլտվությունը, քրդական տեղանունները կրկին գործածության մեջ մտնելը, քուրդ երեխաների` կրկին քրդական անուններկրելու թույլտվությունը, «քրդերենով խոսել չի թույլատրվում» արգելքի սահմանափակումը բանտերում, Ղուրանը նաև քրդերենով հրատարակելու հարցը: Թուրքիայի ԲՈՒՀ-երում փոփոխություններ են կատարվելու, որոնք հնարավորություն կտան բացել քրդերեն լեզվի և նրա բարբառների ուսումնասիրման ինստիտուտներ, իսկ քրդերենը դասավանդվելու է որպես ֆակուլտատիվ առարկա: Որոշակի բարեփոխումներ է սպասվում նաև հեռուստատեսության և ռադիո ծրագրերում, ինչի շնորհիվ մասնավոր հեռուստաալիքներին թույլ կտրվի իրենց եթերով, առանց ժամանակի սահմանափակման, ցուցադրել քրդերենով հաղորդումներ և գովազդներ: Վերանայվելու է նաև օրենքը, որն այսօր արգելում է այլ լեզուներով քաղաքական կուսակցություններին քարոզարշավ իրականացնել:
Թուրք ընդդիմությունը համոզված է, որ երկրի կառավարությունը ժողովրդավարության քողի տակ քրդերին լայն իրավունքներ է շնորհում, ինչը, նրանց գնահատմամբ, անընդունելի քայլ է: Տեղի ունեցածի կապակցությամբ իր տեսակետն է հայտնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա շեշտել է, որ կատարվածն անընդունելի է, սակայն ինչ էլ որ լինի, բարեփոխումների փաթեթը քննարկվելու և ընդունվելու է, որովհետև` «Դա է պահանջում ժամանակը», -հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի խորհրդարանում կատարվածը հուշում է այն մասին, որ այդ երկրում ներքաղաքական լարվածություն է հասունանում:
ArmAr.am













