Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրում
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի միջև կայացած հանդիպման ժամանակ նշվեց, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում ապրեցին, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Շվեյցարիայի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հանս-Ռուդոլֆ Մերցի հանդիպումը, արտգործնախարարների միջեւ կայացած տասնյակ բանակցությունները եւ Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հարաբերությունների զարգացումը նշանավորվեց Շառլ Ազնավուրի Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակմամբ, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմամբ:
Բարձր գնահատելով վերջերս հայ – շվեյցարական հարաբերությունների զարգացման դինամիկան` Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը կարեւորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման երաշխիք:
Նախարարները, կարեւորելով երկու ԱԳՆ-երի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Եվրոպայի խորհրդում Շվեյցարիայի գալիք նախագահության ենթատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային հարցերի եւ գործունեությանն առնչվող խնդիրների շուրջ:
Զրուցակիցները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները:
ArmAr.am












