Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Նոյեմբեր 11, 2009թ. 14:54

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են և բարձր գնահատեց առկա առևտրատնտեսական, քաղաքական և մշակութային շփումները, ինչպես նաև Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը և օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները: Դեսպան Շմիդթը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բունդեսթագի նախագահի ողջույնները: Գերմանացի իր գործընկերոջը պատասխան ողջույնը հղելով` պրն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երևանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին:

Զրույցի ընթացքում կողմերը նաև քննարկեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանում երկու հարևան երկրների խորհրդարանների դերակատարմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն