«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտեց Սպիտակաշենի միջնակարգ դպրոցի կառուցումը
Երեւան, 11 նոյեմբերի, 2009թ.: Ս. թ. նոյեմբերի 6-ին Հիմնադրամը շահագործման հանձնեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նորակառույց դպրոցը` ամբողջովին կահավորված: Դպրոցի կառուցումն ու կահավորումը (ընդհանուր արժեքը շուրջ 200 միլիոն 460 հազար ՀՀ դրամ) իրականացվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Հովանավորող կողմի եւ ծրագրի բարերարների այցով պայմանավորված` դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010թ. մայիսին:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, դպրոցի տնօրեն Շիրազ Հայրապետյանը, համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը, գյուղի բնակչությունը:
Նորակառույցն անմիջապես աչքի է ընկնում գյուղի ընդհանուր համայնապատկերում: Դպրոցն իր գեղեցիկ կահավորված, հարմարավետ ու ջեռուցվող դասասենյակներով, լուսավոր գրադարանով, հանդիսությունների ընդարձակ դահլիճով ու բարեկարգ խաղահրապարակով առաջիկա շաբաթների ընթացքում իր հարկի տակ կընդունի համայնքի 74 աշակերտին: Շենքը նախատեսված է 130 աշակերտի համար եւ հարկ եղած դեպքում կարող է հյուրընկալել նաեւ հարեւան գյուղերի աշակերտներին:
«Դպրոցաշինությունը Հիմնադրամի գործունեության առանցքային մասն է կազմում: Այսօր Հայաստանում ու Արցախում Հիմնադրամի կառուցած ավելի քան 200 դպրոցներին ու մանկապարտեզներին ավելացավ եւս մեկը: Հուսով եմ, որ այս դպրոցում ուսանող պատանիները տարիներ անց իրենց գիտելիքները կօգտագործեն ի նպաստ համայնքի բարօրության»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«1935 թվականին կառուցված հին դպրոցի շենքը ոչ միայն վթարային էր, այլեւ զուրկ տարրական հարմարություններից: Տարիներ շարունակ դպրոց մտնելու համար դպրոցականները ստիպված էին անցնել շենքի առաջին հարկում տեղակայված մշակույթի տան միջով: Այսօր արդեն գյուղի դպրոցականները հնարավորություն ունեն ուսանել հարմարավետ ու բարեկարգ պայմաններում, ինչն անշուշտ կնպաստի ուսումնառության եւ դասավանդման որակի բարձրացմանը»,- ԼՂՀ կառավարությանը եւ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնին ուղղված շնորհակալական խոսքում ասաց դպրոցի տնօրեն Շիրազ Հայրապետյանը:
Նշենք, որ դպրոցի կառուցման եւ կահավորման համար անհրաժեշտ գումարները հավաքագրվել են շնորհիվ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի կազմակերպած մի շարք հանդիպումների ու դրամահավաք միջոցառումների: Ուշագրավ է, որ այս տարվա սեպտեմբերին Հիմնադրամի Տորոնտոյի եւ ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինների կողմից համատեղ իրականացվող վեցօրյա բարեգործական հեծանվարշավի հասույթը` շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար, նախորդ տարվա պես, ուղղվեց Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը: Սա Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ Արցախում կառուցված հինգերորդ դպրոցն է: Նախորդ տարիներին կառուցվել են Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Մատաղիս, Ասկերանի շրջանի Շոշ, Ստեփանակերտի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցները:
Հիշեցնենք, որ համայնքի համար մեծ ձեռքբերում էր նաեւ անցյալ տարի Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմի ֆինանսավորմամբ կառուցված ջրագիծը, որն այսօր համայնքի 110 ընտանիքին ապահովում է շուրջօրյա խմելու ջրով:
Ի դեպ, գյուղն անվանվել է Սպիտակաշեն` շնորհիվ սպիտակ քարի, որը տեղի եւ շրջակա համայնքների համար ծառայում է որպես շինանյութ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ












