Սահմանի բացման դեպքում երկաթուղային փոխադրումները 1-2 օրվա ընթացքում կվերականգնվեն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, եթե այս պահին էլ բացվի հայ-թուրքական սահմանը, 1-2 օրվա ընթացքում հնարավոր կլինի վերականգնել երկաթուղային փոխադրումները. «Մեր երկաթուղային համակարգը մշտապես պահպանվել է շահագործման համար համապատասխան վիճակում։ Այն հատվածում, որը չի շահագործվում, մշտապես կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում, և եթե այսօր էլ որոշում կայացվի, 1-2 օրվա ընթացքում երկաթուղային փոխադրումները կարող են իրականացվել»,-ասաց նախարարը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, բացի երկաթուղուց, Հայաստանը ճանապարհային երկու ելք կունենա դեպի սահման. Մեկը` Մարգարայով, մյուսը՝ Գյումրիի կողմից՝ Ախուրիկով։
Դեպի Մարգարա տանող ճանապարհին Ասիական զարգացման բանկի ծրագրով վերականգնման աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են։ Գյումրիից դեպի սահման ձգվող ճանապարհի հետ կապված էլ նախարարը նշեց, որ քանի որ այդ հատվածում կան մի շարք սահմանամերձ գյուղեր, արդեն իսկ ծրագրվել է հաջորդ տարի վերանորոգել ճանապարհի այդ հատվածը։
ArmAr.am












