Թուրքիայում որոշում է կայացվել խստացնել պայքարը քրդերի դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի անվտանգության համար մեծագույն սպառնալիքը «Քրդական բանվորական կուսակցության» ահաբեկչական գործողություններն են: Այդ իսկ պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում որոշում է կայացվել խստացնել պայքարը քրդերի դեմ: «Ծրագրել ենք Սիրիայի սահմանում` 18, Իրան-Իրաքի սահմանում` 17 և Հայաստանի սահմանում` 11 ուղեկալային մասնաշենք կառուցել: Դրանցից 11-ի շինարարությունը և 7-ի ստորգետնյա աշխատանքներն ընթացքի մեջ են»,- տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ մինչև հաջորդ տարեվերջ բոլոր աշխատանքները պետք է ավարտին հասցվեն:
Գյոնուլը նշել է, որ մինչև հիմա Թուրքիան 40 պետությունների հետ համագործակցել է ռազմաարդյունաբերության ոլորտում, 44 երկրների հետ` զինվորական կրթության ասպարեզում, 53 երկրների հետ էլ ստորագրել է շրջանակային կոնվենցիա: Նա նաև ասել է, որ եվրաանդամակցության գործընթացի շրջանակներում կարևոր է, որպեսզի իր երկիրը ներգրավվի Եվրոպայի անվտանգության և պաշտպանության քաղաքականությունում:
ArmAr.am












