Իջևանում հաջորդ տարի կբացվի երկրորդ մանկական գյուղը
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «ՍՕՍ-Կինդերսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպության պատվիրակությանը` կազմակերպության Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, մերձբալթյան հանրապետությունների և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Զդենկո Սեդլարի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորում է այն երկխոսությունը, որ մեկնարկել է կազմակերպության ու գործադիր իշխանության միջև: Առանձնակի անդրադարձ կատարելով այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել վարչապետի` Հայաստանում գործող «ՍՕՍ մանկական գյուղ» այցելության ժամանակ, Տիգրան Սարգսյանն ասել է, որ լավ առիթ է ստեղծվել ևս մեկ անգամ անդրադառնալու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին ու քննարկել առկա հարցադրումները:
Զդենկո Սեդլարն, իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարից մանկական գյուղի խնդիրների նկատմամբ հոգատարության ու հետևողականության համար ու նշել է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության մոդելը օրինակ է ծառայելու կազմակերպության հետ գործակցող մի քանի տասնյակ երկրների հետ հարաբերություններ կառուցելու համար: Նշվել է նաև, որ հաջորդ տարի Իջևանում կբացվի երկրորդ մանկական գյուղը:
Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխըմբռնման հուշագիր կնքելու հարցը, նշելով, որ այն պետք է արտացոլի երկու կողմերի ակնկալիքները: Որպեսզի ճշտվեն, թե ինչպիսի հնարավորություններ կան ներկայումս առկա օրենսդրական ու իրավական խնդիրները լուծելու համար, որոշվեց ուսումնասիրել, քննարկել ու ներդնել այս ոլորտում առկա եվրոպական փորձը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկություն ունի ընդլայնել համագործակցությունը, լուծել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են կազմակերպության գործունեության ընդլայնման գործընթացի առաջ: Տիգրան Սարգսյանը նախատեսում է ներդնել «ՍՕՍ-Կինդերսդորֆի» կողմից մշակված մեթոդաբանությունը մեր երկրում առանց ծնողական խնամքի մնացած մանուկների և երիտասարդների սոցիալական խնամքի ոլորտում առկա հարցերի լուծման համար:
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց սեղմ ժամկետում ավարտել հուշագրի վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումը: ՀՀ վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարեց արագացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:












