Սպիտակաշենում նոր դպրոց է կառուցվել
Օրերս Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում դպրոցի նոր շենքի բացման արարողություն էր: Այդ առթիվ Սպիտակաշեն էին եկել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարները, հյուրեր:
Դպրոցի բացման պատիվը վերապահված էր գյուղի վաստակաշատ ուսուցչուհի Թամարա Սաղյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին:
ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացված հերթական ծրագրի արդյունքում Սպիտակաշենն այսօր ունի դպրոցի երկհարկ տիպային շենք` ներկնահարկով և վերնահարկով: Նորակառույց դպրոցն ապահովված է բաց մարզահրապարակով, ճեմուղով, լուծված է ջեռուցման խնդիրը: Դեռևս չլուծված հարցերի թվում է դպրոցի ջրամատակարարման խնդիրը: Պատասխանատուները վստահեցնում են` այս հարցն էլ շուտով կլուծվի:
Շուրջ 188 մլն դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվել են «Նվեր» ՍՊԸ-ի կողմից: Շինարարական աշխատանքները տևել են գրեթե մեկ տարի:
Շինարարության ողջ ընթացքում պարբերաբար իրականացվել են որակի հսկողության աշխատանքեր թե հիմնադրամի և թե կառավարության կողմից:
Նորայր Հովսեփյան












