Գլխավոր » Լրահոս

Հակակուն վերջապես դպրոցի շենք ունի

Նոյեմբեր 11, 2009թ. 19:19

Արցախում շարունակվում են դպրոցաշինական ծրագրերը: Հերթական կրթօջախը բացվեց նոյեմբերի 8-ին` Հադրութի շրջանի Հակակու գյուղում: Հակակուի բնակիչներին շնորհավորելու էր եկել վարչապետ Արա Հարությունյանը` կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի և շրջանի ղեկավարության ուղեկցությամբ:

Հակակու գյուղը դպրոցի շենք չի ունեցել: Պարապմունքներն անցկացվել են հարմարեցված սենյակներում: Այսուհետ այս գյուղի մանուկները պարապմունքները կանցկացնեն ոչ թե հարմարեցված սենյակներում, այլ լուսավոր, տիպային դպրոցի շենքում: Իսկ շինարարների աշխատանքի որակի մասին ոլորտի պատասխանատուներն են վկայում:

Ծրագիրն իրականացվել է ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ: Դրա համար հատկացվել է 111 մլն դրամ: Դպրոցն գույքով ապահովված է, իսկ բացման առթիվ ստացավ նաև համակարգիչ: ԿԳ նախարարը վստահեցնում է, որ հետայսու էլ  դպրոցը կգտնվի իրենց ուշադրության կենտրոնում:  Մոտ օրերս կլուծվի նաև դպրոցի ջրամատակարարման հարցը:

Նորակառույց դպրոցի բացման պատիվը տրվեց ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանին և  զոհված ազատամարտիկի մայր Ասյա Գրիգորյանին:

Առիթից օգտվելով`ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում ունեցավ ուսուցչական կոլեկտիվի հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկները: Մտահոգությունների թվում առաջինը դպրոցի ջեռուցման հարցն էր. էլեկտրական մարտկոցներով ջեռուցելիս հազիվ թե բավարար ջերմություն հնարավոր լինի ապահովել: Վարչապետն առաջարկեց այլընտրանքային տարբերակներ ներկայացնել:

Ինչևէ, դպրոցը կառուցված է, սակայն գյուղն անհանգստանալու տեղ ունի. 120 աշակերտի համար նախատեսված դպրոցն այսօր ընդամենը 43 սան ունի: Դա լուրջ մարտահրավեր է գյուղի համար: Հակակու գյուղում վստահեցրին` երկար սպասելու հարկ չի լինի:

Ն. Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն