Գլխավոր » Լրահոս

Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ խնդրում փոխզիջման կողմնակից է

Նոյեմբեր 11, 2009թ. 19:20

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովը, ուր Լեւոն Տեր- Պետրոսյանը հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա գործընթացների գնահատականով:

Տեր-Պետրոսյանը, ակնարկելով Դաշնակցությանը, նկատել է, թե,  ի տարբերություն ընդդիմության մյուս թևի, «Կոնգրեսը հայ- թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, իսկ մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն` Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ»:

Հայ դատը մշտապես մերժող Տեր- Պետրոսյանն ասել է. «Պահանջատիրությունը պետականազուրկ ազգին վայել դավանանք է: Պետություն ունեցող ազգը պետք է առաջնորդվի բոլորովին այլ կատեգորիաներով: Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության եւ իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, եւ չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով` անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար: Միեւնույն է, այդ լեզուն հասկացող չկա ու երբեք չի լինելու: Պատմական իրավունք տերմինը պատկանում է պրոպագանդայի ոլորտին, իսկ պրոպագանդան, որքան էլ կարեւոր, չի կարող ու չպետք է փոխարինի քաղաքականությանը»,- կարծում է ՀՀ առաջին նախագահը:

ՀԱԿ-ը այս գործընթացում ամենավտանգավորը համարում է պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ «եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակը հայ- թուրքական հաշտեցմանը նպաստելն է, ապա հազիվ թե ծառայի այդ նպատակին, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի` ավելի եւս խորացնելով երկու ժողովուրդների հակասությունները»:

«Մենք կողմ ենք թե’ հայ-թուրքական հարաբերությունների, թե’ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման եւ հավասարակշռվածության սկզբունքների վրա»,-ասել է նա և շարունակել.

«Դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ, ընդհակառակը, խանգարելու է հայ- թուրքական հաշտեցմանը»:

«Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որեւէ ծրագիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայման պարագան, սահմանված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը, եւ ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն