Գլխավոր » Լրահոս

Արմեն Աշոտյանն ընդունեց նորանշանակ դեսպանին

Նոյեմբեր 11, 2009թ. 18:30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ կրթության ոլորտում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աշխատանքները միշտ արդյունավետ են եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնախանշեն հավակնոտ նոր ծրագրեր: «Ցանկացած միջպետական համագործակցություն նախևառաջ կարևոր է որպես պետությունների հասարակությունների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և փոխճանաչման գործիք»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Անդրադառնալով արտասահմանի ուսումնական հաստատություններում հայագիտական ամբիոնների խնդրին` նախարարը նշեց, որ այս տարի առաջին անգամ ՀՀ պետական բյուջեում տեղ են գտել Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի պահպանման ծախսերը, որն իրականացվում է գերմանական կողմի հետ համաֆինանսավորմամբ:
Դեսպան Շմիդթը նշեց, որ Հայաստանում գոյություն ունի միջազգային համագործակցության լավ փորձ: Նա հավաստիացրեց, որ հայ-գերմանական համագործակցության շրջանակում Գերմանիան կշարունակի ակտիվ և նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանի կրթական ոլորտին: Պարոն Շմիդթը կարևորեց հայագիտական ամբիոնների առկայությունը հատկապես Լայպցիգի և Հալլե Վիթենբերգի համալսարաններում, որոնք դասավանդման լավագույն ավանդույթների   և գիտահետազոտական առաջընթացի կրողներն են: “Հայագիտական ամբիոնների առկայությունը լավ հիմք կծառայի հայագիտության զարգացման  և իր նպաստը կունենա Հայաստանի ճանաչման համար”-,նշեց դեսպանը:
Նախարարը դեսպանին շնորհավորեց նաև Բեռլինյան պատի քանդման 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ նաև այս իրադարձության շնորհիվ է, որ  այսօր մենք ունենք համագործակցության լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության` ԳԴՀ այցի նախաշեմին երկու կողմերի ակնկալիքների և առաջարկությունների մանրամասներ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն