Միլանի քաղաքապետը ցանկություն է հայտնել համագործակցել հայաստանյան որևէ քաղաքի հետ
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Միլան, ուր հանդիպումներ է ունեցել նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Միլանի առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեւ Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի առաջին օրը Հայաստանի դեսպանը հանդիպել է Միլանի նահանգապետ վիդո Պոդեստայի (Guido Podesta) հետ: Դեսպանը շնորհավորել է երեք ամիս առաջ պաշտոնը ստանձնած նահանգապետին եւ հույս հայտնել, որ վերջինս կշարունակի Միլանի նահանգապետարանի հայանպաստ գործունեությունը եւ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրությունը: Կողմերը քննարկել են Միլանի նահանգի եւ Հայաստանի Շիրակի մարզի համագործակցության հեռանկարը, նաեւ Հայաստանում Միլանի գործարար շրջանակների համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Դեսպան Կարապետյանը զրուցել է նաեւ Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեի (Bruno Dapei) հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել կազմակերպել խորհրդի անդամների այցը Հայաստան` հայ գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով:
Նույն օրը դեսպանը հանդիպել է Միլանի քաղաքապետ Լետիցիա Մորատտիի հետ (Letizia Moratti): Միլանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան որեւէ քաղաքի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հաջորդ տարի Միլանում քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացնել ՙՀայաստանի օր՚:
Դեսպանը մասնակցել է նաեւ Միլանի Առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում քննարկել է հայ-իտալական առեւտրատնտեսական համագործակցության խթանմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարարների հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Միլանի ՙՀայ Տանը՚ դեսպան Կարապետյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Դեսպանը միլանահայությանը ներկայացրել է հայ-իտալական հարաբերությունների ու Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը:
ArmAr.am












