«Հզբոլահի» առաջնորդը խիստ քննադատել է Բարաք Օբամային
«Հզբոլահի» առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, թե մահմեդական աշխարհը խիստ դժգոհ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, որը, ըստ Նասրալայի, չի կատարել մահմեդական աշխարհի հետ կապերն ամրապնդելու իր խոստումը: «Միացյալ նահանգները հետ է կանգնել Հորդանանի արևմտյան ափին բնակավայրեր չկառուցելու պահանջից, շարունակել է ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին և ապացուցել , որ նվիրված է այդ երկրին»:
«Հզբոլահի» առաջնորդի խոսքով, արաբական աշխարհն իր խնդիրների լուծման հարցում այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա, քանի որ այդ խնդիրների առաջացման հիմնական մեղավորը հենց Միացյալ Նահանգներն է: «Իշխանության եկած նոր վարչակազմի հետ շատերն էին հույսեր կապել ու հավատացել, որ արաբական ու մահմեդական աշխարհի նկատմամբ վերաբերմունքը էականորեն կփոխվի, սակայն պատրանքները չքացան, ակնհայտ դարձան, որ ԱՄՆ-ն աջակցում է միայն Իսրայելին` անտեսելով արաբների զգացմունքները, արժանապատվությունը»,- հայտարարել է «Հզբոլայի» ղեկավարը: Նրա խոսքով` «երրորդ աշխարհի սևամորթ նախագահը» ընդամենը մի հնարք էր, որի ազդեցությունը սպասվածից շուտ ավարտվեց:
Հասան Նասրալանի ելույթը վերլուծաբանները որակել են «Հզբոլայի» կողմից հնչեցված ամենասուր քննադատությունը` ուղղված Միացյալ Նահանգների նախագահին:
ArmAr.am
Թեգ- «Հզբոլահ», Հասան Նասրալա, մահմեդական աշխարհ, ԱՄՆ, Բարաք Օբամա, Իսրայել












