Թուրքիայում մտավախություն կա, որ քրդերն առավելագույնն են պահանջելու
Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու շուրջ բանավեճերը Թուրքիայում շարունակվում են:
Ինչպես արդեն հայտնի է, հիմնական տարաձայնությունները վերաբերում են քրդերին տրվող իրավունքներին: Այդ առիթով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առնչը այցելել է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքը, որտեղ հայտարարել է, որ այս փաստաթղթի ընդունումը կառավարության համար կենսական նշանակություն ունի: Ըստ թուրք պաշտոնյայի, նոր բարեփոխումները կնպաստեն երկրում մի շարք խնդիրների լուծմանը: Առնչը ասել է, որ Թուրքիայի կառավարությունը փորձում է ստեղծել մի պետություն, որտեղ ցանկացած մարդ կարող է ապրել ազատ:
Փաստորեն, Անկարան քրդերին պատրաստվում է տալ տարրական իրավունքներ, որոնցից նրանք նախկինում զրկված են եղել: Այսօր Էրդողանի կառավարությունը ժողովրդավարության քողի տակ երկու նպատակ է հետապնդում. մի կողմից փորձում է կանխել երկրում օրեցօր ակտիվացող քրդական շարժումը, մյուս կողմից էլ ցանկանում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր:
Ըստ թուրք վերլուծաբանների, Թուրքիայի կառավարությունը մեծ սխալ թույլ կտա, եթե իրավունքներ շնորհի քրդերին, նրանք գտնում են, որ քրդերը չեն բավարարվի այդքանով և քայլ առ քայլ կպահանջեն առավելագույնը: Վերլուծաբանները հետևություն են անում, որ եթե թուրքական իշխանությունն այսօր գնա փոքր-իսկ զիջումների, ապա հետագայում ևս ստիպված է լինելու զիջումներ անել:
Չնայած նման մեկնաբանություններին, այնուհանդերձ, Թուրքիայի կառավարությունը վստահ է իր որոշման մեջ:
Նշենք, որ նախնական տվյալների համաձայն, փաթեթի համընդհանուր քննարկումը խորհրդարանում կկայանա վաղը` նոյեմբերի 13-ին:
ArmAr.am












