Բջջային հեռուստատեսություն` ՎիվաՍել-ՄՏՍ-ից
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկում է «բջջային հեռուստատեսություն» ծառայություն: Հայաստանյան 12 հեռուստաընկերություններ ներգրավված են այս ծրագրում` «Հ1», «»Հ2:, «Արմենիա», «Շանթ», «Հայ TV», «Կենտրոն», «TV5», «ԱTV», «Արարատ», «Դար 21», «ԱրմՆյուզ», «Երկիր Մեդիա»:
Այս սիրված հեռուստաշոուն դիտելու համար տանը լինելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հնարավորություն կընձեռի, որ այսուհետ վերոնշյալ հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումները հնարավոր կլինի դիտել 3G բջջային հեռախոսից:
Այս ծրագրից օգտվելու համար բաժանորդներն ընդամենը պետք է հեռախոսի բրաուզերից մուտք գործեն tv.mts.am և tv.vivacell.am կայքէջեր, և բաժանորդի համար հասանելի կդառնան ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդումները:
Առաջին ամիսը, որ լինելու է փորձնական, անվճար է: Փորձնական ժամկետի ավարտից հետո բաժանորդներին կտրամադրվեն նաև նախապես տեսագրված նյութեր ու հոլովակներ:
«Նորարարությունը մեր շարժիչ ուժն է: Մենք միշտ ձգտում ենք ամենաառաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ մեր բաժանորդներին ժամանցային ծառայություններ մատուցել: Այս անգամ էլ մեր բաժանորդներին ներկայացնում ենք գրավիչ առաջարկ, այն թույլ կտա ազատ ժամանակը հետաքրքիր դարձնել: Ապագան բջջային հեռուստատեսությանն է պատկանում», -հայտարարեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հավելելով.
«Մենք եղել ենք առաջատարն այս շուկայում և մնալու ենք առաջատարը, որովհետև մենք ուզում ենք մնալ այդպիսին: Մեր առջև պատասխանատու պարտականություն է դրված` միշտ նոր ծրագրեր ու առաջարկներ ներկայացնել մեր բաժանորդներին: Ուստի` սպասեք ավելիին»:
Հավելենք, որ շուտով հեռուստաբջջայինից օգտվողները կկարողանան ծանոթանալ նաև հիշյալ հեռուստաընկերություններում առաջարկվող ծրագրերին` ընտրելով ամենաօգտակարն ու հաճելին:
ArmAr.am












