Գլխավոր » Լրահոս

ՄԻՊ-ը եղել է Լոռու մարզում

Նոյեմբեր 12, 2009թ. 13:25

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ մեկնել էր Լոռու մարզ: Պաշտպանի առաջին հանդիպումը կայացել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ հանդիպմանը մասնակցել է կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ՀԿ-ների կողմից պաշտպանի ուշադրությանն են ներկայացվել Վանաձորի տնակային ավանի իրացման հետ կապված խնդիրները, շինարարական մրցույթների և հողերի տրամադրման գործընթացների թափանցիկության խնդիրները, մարզում գործող երեխաների խնամքի երեք հաստատությունների գործունեությունը, ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում տեղի ունեցած խոշտանգման դեպքը, զինվորական զորակոչի խնդիրները, հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ խնդիրներ:

ՀԿ-ների կողմից բարձրացված բոլոր խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել է Լոռու մարզպետ Արամ Քոչինյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Մարզպետի և քաղաքապետի հետ հանդիպումների ընթացքում ներկա են եղել մարզպետարանի և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնց հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` հաջորդող երկու օրերի ընթացքում մանրամասն քննարկելու բոլոր բարձրացրած խնդիրները ՄԻՊ աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հաջորդ երկու օրերի ընթացքում իրականացնելու է այցելություններ և ուսումնասիրություններ Լոռու մարզի ոստիկանության բաժիններում, զորամիավորումներում, քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Սպիտակի ոստիկանության բաժանմունքում: Այցելության արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի աշխատանքային խմբի վերադառնալուց հետո:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն