Հարութ Սասունյան. «Բոլոր երկրների հայերը պետք է միավորվեն»
Հայ Դատի համար մեր համատեղ ջանքերը ծագել են այն ողբերգական իրողությունից, որ ավելի քան 90 տարի առաջ ահավոր անարդարություն է իրագործվել մեր ժողովրդի հանդեպ:
Ցեղասպանությունը և մեր Հայրենիքի կորուստը տասնամյակներ շարունակ աննկատ էին մնացել միջազգային հանրության կողմից, մինչև որ մեր ժողովուրդը, քաղաքական կուսակցությունների առաջնորդությամբ, հառնեց մահվան ու կորուստների մոխիրներից և պայքարեց իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Արդյունքում` Հայոց Ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստացավ. այն այլևս մոռացված դրվագ չէ:
Այնուամենայնիվ, այսօրվա թուրքական կառավարությունը, որպես Ցեղասպանություն իրականացրած վարչակարգի իրավահաջորդ, շարունակում է ժխտել այս մեծ ոճիրը` մինչև օրս օգուտ քաղելով մեր թալանված գույքից ու ունեցվածքից:
Այս անարդարությունը չի կարող և չպետք է շարունակվի: Մեր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անենք արդարության վերականգնման համար: Մենք պահանջում ենք մեր թալանված ունեցվածքի և բռնազավթված տարածքների վերադարձն իրենց օրինական տերերին` հայ ժողովրդին:
Այս չափազանց դժվարին խնդրի լուծման համար մեզ անհրաժեշտ է բոլոր հայերի մասնակցությունը, ինչպես նաև ճշմարտության ու արդարության բոլոր ջատագովների աջակցությունը:
Ինչպես ականատես եղանք վերջին ամիսներին, վիթխարի միջազգային ճնշում է գործադրվում Հայաստանի ղեկավարների վրա` Թուրքիային ու Ադրբեջանին կարևոր զիջումներ անելու համար: Հայաստանը շատ փոքր է և թույլ նման հզոր ճնշմանն ինքնուրույն դիմակայելու համար: Մինչդեռ Սփյուռքի հայերը զերծ են նման հարկադրանքից:
Մեր բոլորի պարտքն է օգնության ձեռք մեկնել Հայաստանին` ճնշումը նվազեցնելու համար: Բոլոր երկրների հայերը, հատկապես Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրոպայի, պետք է աշխատանք տանեն հակազդելու իրենց կառավարություններին` նրանց անարդար ու միակողմանի աջակցությանը Թուրքիային և Ադրբեջանին:
Մենք պետք է այս ջանքերը գործադրենք` անկախ այն բանից, թե մեր օգնությունը պահանջվում է կամ նույնիսկ գնահատվում է Հայաստանի կառավարության կողմից, թե` ոչ:
Անշուշտ, մեր լոբբիստական ջանքերն էլ ավելի արդյունավետ կլինեն, եթե իրականացվեն համագործակցության և համակարգման միջոցով և’ Սփյուռքի ներսում, և’ Սփյուռքի ու Հայաստանի միջև:
Միաժամանակ մենք չպետք է ձեռնպահ մնանք Հայրենիքում մեր ժողովրդին քաղաքական, տնտեսական և մարդասիրական որևէ աջակցությունից` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Վարչակարգերն ու ղեկավարները գալիս են ու գնում, սակայն ազգը հավերժական է:
Եկեք լինենք զգոն, հանձնառու և միասնական մեր նպատակների իրագործման համար: Եկեք վառ պահենք Հայ Դատի ջահը, մինչև արդարությունը վերականգնվի մեր բազմաչարչար ազգի համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր












