Ջուրը գյուղ հասավ
Իրականացվեց Հադրութի շրջանում ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ծրագրերից եւս մեկը: Ավարտվեց Իշխանագետ-Մեծ Թաղեր-Ազոխ-Դրախտիկ մոտ 22 կիլոմետրանոց ջրագծի կառուցումը: Ջրագծի բացման առթիվ Մեծ Թաղեր էին ժամանել ԼՂՀ կառավարության ղեկավարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչները: Նրանք եղան ջրահավաք ավազանում, ծանոթացան կատարված աշխատանքներին:
Զոհված ազատամարտիկի հայր Երվանդ Աբրահամյանը, ում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ միասին տրված էր ջրատարի բացման պատիվը, ազատամարտում կրած կորուստների ամենալավ սպեղանին ազատագրված հայրենիքի բարգավաճումն է համարում: Իսկ Մեծ Թաղերի բնակիչ Ղարիբ Բադասյանի համոզմամբ` տասնամյակներով չլուծված հարցերի լուծումը հնարավոր է դարձել միայն մեկ պատճառով` այսօր հայն է իր հողի, իր երկրի տերը:
Արա Վարդանյանը բարձր է գնահատում այն փաստը, որ, չնայած սկզբնական շրջանի անխուսափելի դժվարություններին, մեծթաղերցիների մեծ մասը չի լքել հայրենի եզերքը: Իսկ այսօր գյուղը վերելքի ուղին է բռնել: Դրա լավագույն ապացույցն այն է, որ միայն այս տարի Մեծ Թաղերում 35 ծնունդ է գրանցվել:
Մեծթաղերցիների տարիների երազանքը վերջապես իրականացավ ` ջուրը գյուղ հասավ: Սակայն դեռ օրակարգում է ներքին ջրաբախշ ցանցի կառուցման հարցը: Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ դա էլ չի ուշանա:












