Գլխավոր » Լրահոս

Հայ-բելառուսական համագործակցություն` ռազմարդյունաբերական ոլորտում

Նոյեմբեր 12, 2009թ. 16:37

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ստանիսլավ Զասի առանձնազրույցը, որին հետևել են ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումներ:

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, ինչպեսև Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում ակտիվ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրվում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման, իրավապահ մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության կադրերի պատրաստման և վերապատրաստման, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացման ուղղությամբ:

Ստանիսլավ Զասը կարևորել է ՀԱՊԿ շրջանակում առկա ավանդույթը, այն է` նախաձեռնությունները ձևավորվում են միջպետական մակարդակով, ապա կողմերից մեկի միջոցով ներկայացվում են ՀԱՊԿ ձևաչափով քննարկումների ընթացքում:

Կողմերը նշել են, որ հայ-բելառուսական համագործակցությունը բավական արդյունավետ զարգանում է անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: Երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների պայմանավորվածության համաձայն` ակտիվ զարգանում է փոխգործակցությունը Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների միջև, ինչպեսև գործնական քայլեր են ձեռնարկվում ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ: Քննարկվել են այս ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, համատեղ ծրագրեր իրականացնելու և փոխադարձ աջակցության խնդիրները:

Բրեստում սեպտեմբերին Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն որոշում էր ընդունել ՀԱՊԿ շրջանակում մշակել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների տեխնիկական վերազինման միջպետական նպատակային ծրագիր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշումը կենսագործելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հետևելու համար նշանակվել են պատասխանատուներ հայկական և բելառուսական կողմերից:

Հյուրերը նշել են, որ հանդիպումները տպավորիչ են եղել նաև պաշտպանության և էկոնոմիկայի նախարարություններում, և որ համագործակցության լայն հնարավորություններ են նախանշվում:

Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, տեղում ծանոթացել նրանց հնարավորություններին և համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն