ԼՂՀ Ազոխ գյուղում լուծվեց ջրի խնդիրը
Ջրի խնդիրը երկար տարիներ համարվել է Ազոխ գյուղի բազնաթիվ չլուծված հարցերից ամենագլխավորը: Այսօր, սակայն, կենարար հեղուկն արդեն Ազոխում է: Դա հնարավոր եղավ ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ջանքերով: Կառուցվեց մոտ 22 կմ-ոց մի ջրագիծ, որը ջրով կապահովի Մեծ Թաղերի, Ազոխի և Դրախտիկի բնակիչներին:
«Ծրագիրն իրականացվել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ,- մանրամասնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:- Բացի այդ` կառավարության բազմակողմանի աջակցություն է ցույց տվել և վերահսկողություն սահմանել ծրագրի իրականացման ողջ ընթացքում»:
Կառուցվել է ոչ միայն ջրատար, այլև երեք ջրահավաք ավազան` ջրի մաքրման համապատասխան պայմաններով: Շուրջ 300 միլիոն դրամ արժողությամբ այս աշխատանքները «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով, վստահեցնում են ընկերության ներկայացուցիչները:
«Երկար սպասված ջրագիծն անխափան կգործի, իսկ ջուրն էլ նախատեսվածից ավելի շատ կլինի»,- համոզված է«Քարավան» ՍՊԸ աշխղեկ Մամիկոն Գևորգյանը:
Ազոխում վստահ են` այլ խնդիրների հետ շուտով կլուծվի նաև ներքին ցանցի կարգավորման խնդիրը:
Նորայր Հովսեփյան












