«Ադրբեջանական բանակը ասոցացվում է բորբոսնած հացի, որդնած կարտոֆիլի, ծեծի ու ոջիլի հետ»
Ադրբեջանի քարոզչական հիստերիան ու խելացնորության հասնող ապատեղեկատվությունը նորություն չէ ոչ հայերիս, ոչ էլ այլազգիների համար: Ու արդեն վաղուց մենք անտարբերությամբ և արհամարհանքով ենք վերաբերվում Բաքվի` ցանկալին իրականության հետ «շփոթելու» սովորությանը, որովհետև իրականությունը չափազանց հեռու է ադրբեջանցիների երևակայական երազանքներից: Ու մենք մտահոգվելու պատճառ չունենք: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ նպատակ են հետապնդում ադրբեջանական բանակի ուժի և մարտունակության մասին տարածվող առասպելները: Դրանք միտված են սեփական ժողովրդին ինքնավստահություն ներշնչելու, տանուլ տված պատերազմի ահը մեղմելու և անպաշտպանվածության` օր օրի խորացող զգացումը վանելու հույժ կարևոր, բայց առայժմ անլուծելի խնդրին: Զուգահեռաբար, նույն խնդիրն է «լուծում» հայկական բանակի ձեռքբերումները նսեմացնելու սևեռուն գաղափարը:
Այդուհանդերձ, հերթական անգամ հանդիպելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած բարբաջանքին, որոշեցի արձագանքել: Խոսքը մասնավորապես վերաբերում է նախարարության մամլո քարտուղար Է. Սաբիրօղլուն, որը վիճարկում է ՀՀ ԶՈՒ ռազմական հետախուզության վարչության պետի հայտարարությունները: Ես նախկին հետախույզ եմ և պարտքս համարեցի թյուրիմացության ու ապատեղեկատվության քաոսում խարխափող Է. Սաբիրօղլուն փոքր-ինչ կողմնորոշել:
Պարոն Սաբիրօղլի, ո՞ւմ համար են սեփական բանակի օր օրի բազմապատկվող հզորության մասին ձեր և մյուս ադրբեջանցի պաշտոնյաների պաթետիկ հայտարարությունները: Չէ՞ որ և դուք, և ձեր խեղճ ժողովուրդը, համոզված եղեք` նաև մենք, շատ լավ գիտենք, որ ադրբեջանական բանակում զինվորի բարեկեցության և մարտունակության համար նախատեսված պետական միջոցներն արագ փոշիացվում են, ինչի հետևանքով զինվորի սեղանին հայտնվում են նեխած միս, ժամկետանց պահածո, փչացած բանջարեղեն, իսկ համաճարակային բռնկումները դառնում են սովորական երևույթ: Ձեզ այդպես էլ չի հաջողվում բանակի ներքին փոխհարաբերությունները գոնե փոքր-ինչ մոտեցնել կանոնադրայինին: Զորամասերն ու ստորաբաժանումները ղեկավարվում են «ավտարիտետների» կողմից: Ի՞նչ է, դուք չե՞ք տեսել ինտերնետում և տարբեր հեռուստաալիքներում պտտվող կադրերը, երբ ձեր նորակոչիկները շարք էին կանգնել մեկական ապտակ և քացիներ ստանալու համար:
Պարոն Է. Սաբիրօղլի, ձեր բանակի սպառազինության մասին խոսելուց առաջ և հետո հետևեք, որ դարն ապրած զինտեխնիկան, օրինակ` տանկերը, շուռ չգան խաղաղ պայմաններում օգտագործելիս, թե չէ` գլուխկոնծի տվող տանկերի տեսարանը գերագույն հաճույք է պատճառում ոչ միայն ձեր հակառակորդներին, այլև Ադրբեջանի ժողովրդի այն մեծ զանգվածին, որը ատում է սեփական երկրի իշխանություններին ու բանակը: Օրինակ, Ալի Մամեդովը, ով վերջերս է արտագաղթել Ադրբեջանից, մեկ տարի առաջ ժամկետային զինծառայող է եղել: Ալի Մամեդովի համար ադրբեջանական բանակը ասոցացվում է բորբոսնած հացի, որդնած կարտոֆիլի, սպաների ու «ավտարիտետների» ծեծի, ոջիլի, փորլուծի և էլի շատ ու շատ նման բաների հետ: Պարոն Սաբիրօղլի, ոչ մեկի մտքով չի անցնի, որ դուք և ձեր զինվորը նույն բանակի մասին եք պատմում: Ի դեպ, սա այն Ալի Մամեդովն է, որի վրա կրակել էր վաշտի հրամանատարն ու պատահաբար վրիպել: Այդ հրամանատարն այժմ էլ ծառայում է ձեր բանակում: Մի բարեկամական խորհուրդ, եթե դուք ուզում եք ճիշտ իմանալ ձեր բանակում կատարված սպանությունների, ինքնախեղումների, ինքնասպանությունների, բռնաբարությունների մասին, կարդացեք սեփական մամուլը, դրանք ինտերնետում էլ կգտնեք ու մտածեք սեփական երկրի պաշտպանության մասին, չէ՞ որ դուք միայն հայերի հետ չէ, որ խնդիրներ ունեք: Դուք բացառիկ տաղանդ ունեք թշնամանալու բոլոր ազգերի հետ` թե դրկից, թե, նույնիսկ, ձեր երկրում ապրող:
Ինչ վերաբերում է հայկական բանակին, ես չեմ ասում, որ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք, բայց բարոյալքված, անկարգապահ ու անմարտունակ ադրբեջանական բանակի ղեկավարները չէ, որ պետք է խոսեն Ադրբեջանին հաղթած, սեփական հողերն ազատագրած և տարածաշրջանում լավագույն բանակը հռչակված հայկական զինուժի մասին:
Համլետ Մարտիրոսյան
պահեստազորի սպա, նախկին հետախույզ












