Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի ու Ադրբեջանի պատերազմական գաղտնիքների պատմությունից

Նոյեմբեր 12, 2009թ. 19:07

sekretՎերջերս ՀՀ-ում հաճախ շրջանառվող այն թեզը, թե Թուրքիան արցախ-ադրբեջանական պատերազմի ժամանակ պահպանել է չեզոքությունը և շարունակում է այդ քաղաքականությունն առ այսօր, միանշանակորեն, մերժելի է, և հեշտությամբ կարելի է այն հերքել: Եվ դրա համար անհրաժեշտ է ընդամենը հետևել բարձրաստիճան թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին:

Նմանատիպ մի շարք բացահայտումներ  ադրբեջանական մամուլում արել է  Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Իհթիյար Շիրինը, որոնցում  նա, մասնավորապես, պատմել է, թե ինչպես էր Թուրքիան հասել Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմական իրավիճակի:

«1993թ. Ադրբեջանին Երևանի և Մոսկվայի համատեղ հարձակումից փրկելու նպատակով Թուրքիան նախապատրաստել էր ռազմական միջամտության պլան, որը հնարավոր է` կհանգեցներ Ռուսաստանի հետ պատերազմի», – նշել է Շիրինը:

Միևնույն ժամանակ ադրբեջանական «Նոր Մուսավաթ» թերթը հրապարակել է մի քանի հոդված, որոնք վերաբերում են արցախյան պատերազմի ժամանակ Անկարայի և Բաքվի միջև բանակցությւոններին, թուրքական Զինված ուժերի Նախիջևան ներխուժելու ծրագրին և Ռուսաստանի դեմ իրականացված քայլերին:

Թերթը գրում է, թե իր էջերում լույս տեսնող նման հրապարակումների  պատճառը հետևյալն է. «Մեր նպատակն է բացել ոչ վաղ անցյալի մեր պատմության գաղտնի վարագույրը և միևնույն ժամանակ ցույց տալ Թուրքիայի և թուրքական ԶՈՒ-ի անձնազոհությունը` հանուն Ադրբեջանի և նույնիսկ պատրաստակամությունը ռուսների դեմ պատերազմ»:

Շիրինը պնդում է, որ իրենք տեղյակ են եղել Ադրբեջանի վրա Ռուսաստանի և Հայաստանի  համատեղ հարձակման ծրագրին, որի նպատակն է եղել  գրավել Ադրբեջանի մեծ մասը: «Ռուսաստանի հարձակումը նպատակ ուներ կանխել Ադրբեջանի մերձեցմանը Թուրքիայի և Արևմուտքի հետ, ինչպես նաև խանգարել Բաքու-Ջեյհան խողովակաշարի կառուցմանը: Եվ մեզ ոչինչ չէր մնում անելու, բացի մեր եղբորից օգնություն խնդրել: Նախագահ Էբուլ‎‎ֆեյզ Էլչիբեյի հրամանով որոշվեց իրավիճակը ներկայացնել Թուրքիային»,-նշել է Շիրինը: 1993թ. գարնանը Շիրինը հանդիպումներ է  ունեցել վարչապետ Սուլեյման Դեմիրելի և մի շարք  այլ կարևորագույն թուրք գործիչների հետ:

Թերթը նշում է նաև, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության արդյունքում Անկարան զորքեր կուտակեց Հայաստանի Հանրապետության սահմանին, ապա պատրաստեց Նախիջևան ռազմական ներխուժման ծրագիրը: Վերջինս նախատեսում էր` հետագայում Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքի բացումը: Բացի այդ, Թուրքիայի կողմից սկսվեց ադրբեջանական բանակի նյութական և մասնագիտական օգնության տրամադրումը: Հիշեցնենք, որ վերջին պայմանավորվածությունը գործում է մինչև այժմ, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր դրույթներին և, մասնավորապես, պատերազմական իրավիճակներում երրորդ կողմի իրավունքներին:

Ի վերջո, հարց է առաջանում` ի՞նչ պատահեց այդ ծրագի հետ: Այստեղ Շիրինն անում է իր  հերթական «բացահայտումը». «Մոսկվան հասկացավ, որ Թուրքիայի սպառնալիքը շատ լուրջ է և հրաժարվեց Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագրից, սակայն դրա փոխարեն հեղաշրջում կատարեց երկրի ներսում և նախագահի ղեկից հեռացրեց Էլչիբեյին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն