Օրհան Փամուկը սկսում է փոփոխվե՞լ
Նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։
Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին.
«Պարոն Փամուկ. Դուք հանգուցյալ Հրանտ Դինքի հետ թերևս առաջիններից էիք Թուրքիայում, որ քաջություն ունեցաք խոսելու Հայոց Ցեղասպանության մասին և դրանով, ինչ-որ առումով, տրվեց Թուրքիայի որոշակի ժողովրդավարացման մեկնարկը: Սակայն վերջերս, կարծես թե, մի տեսակ կրավորական դիրք եք ընդունել այդ հարցում։ Համենայնդեպս, կարծիք կա, որ խուսափում եք այլևս Հայոց Ցեղասպանության թեմային անդրադառնալ։ Արդյոք դա արդյունք է Ձեր հանդեպ նախկինում կիրառված քրեական հետապնդմա՞ն, կամ գուցե Ձեր լռությունն այլ հանգամանքներո՞վ է պայմանավորված»։
Օրհան Փամուկը պատասխանել է. «Դա ինձ համար նախևառաջ խոսքի ազատության խնդիր էր, և հետո` դա իմ կյանքի միակ թեման չէ։ Առավել կարևոր խնդիրներ կան։ Բացի այդ` այս թեմաները պետք է քննարկվեն նախևառաջ թուրք ժողովրդի կողմից»։
Լուսանկարը՝ Հայկ Մարտիրոսյանի։












