«ՌԴ կոմկուսի ղեկավարները գործել են ադրբեջանական կոմունիստների թելադրանքով»
Վերջերս Մոսկվայում կայացած կոմունիստական կուսակցության համագումարից հետո ադրբեջանցի կոմունիստների առաջնորդը հայտարարել էր, թե իբր հայ կոմունիստները դեմ չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի տարածքում: Դրան հետևեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնրդ Ռուբեն Թովմասյանի հերքումը այդ կապակցությամբ. «դրանք հիվանդ երևակայության և լպիրշ ստի արդյունք են»:
Իսկ Արցախի կոմունիստներն այդպես էլ չմասնակցեցին համագումարին:
REGNUM լրատվական գործակալությունը պարզաբանումների համար
դիմել է Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանին: Վերջինս պատասխանել է. «Թովմասյանի արդարացնող խոսքի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ներկա չեմ եղել այդ մոսկովյան համագումարին: Ես չգիտեմ էլ` նա ինչ է ասել կամ չի ասել: Դա Հայաստանի կոմկուսի խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է համագումարի մասնակցությունը մերժելուն, ապա պատճառն այն է, որ այս անգամ Ռուսաստանի Դաշնության կոմունիստների առաջնորդը գործում էր ադրբեջանական կոմունիստների թելադրանքով: Ես անձամբ եմ զանգահարել Ռուսաստանի կոմկուսի քարտուղար Կոպուշևին, որը հայտնեց, որ մենք համագումարին հրավիրված ենք ադրբեջանական պատվիրակության կազմում:
Նրա խոսքերով, եթե մեզ առանձին հրավիրեին համագումարին, ապա ադրբեջանցիները կհրաժարվեին մասնակցել համագումարին: Իսկ ես նրան պատասխանեցի, որ մենք արդեն 20 տարի է, ինչ անկախ պետություն ենք և ոչ մի կապ չունենք Ադրբեջանի հետ:
Ամեն դեպքում, ես նամակ եմ հղել Գենադի Զյուգանովին, որում նշել եմ, որ Ղարաբաղի կոմունիստները երբեք համագումարին չեն մասնակցի ադրբեջանական պատվիրակության կազմում:
Նաև ավելացրի, որ կոմունիստական կուսակցությունն ինտերնացիոնալ կուսակցություն է, և նրա պատմական փորձից ու ազգերի ինքնորոշման լենինյան գաղափարից ելնելով` մենք պետք է համագումարին ներկայանայինք առանձին պատվիրակությամբ, ինչպես Աբխազիան, Հարավային Օսեթիան, Պրիդնեստրվիան: Բայց մինչև հիմա պատասխան չեմ ստացել:
Իհարկե, Հայաստանի կոմկուսը տեղյակ էր, որ մենք հրաժարվել ենք Մոսկվա մեկնելուց, և ցանկալի կլիներ, որ նրանք էլ մեր օրինակին հետևեին: Դա ավելի բարոյական կլիներ»:
ArmAr.am












