Գլխավոր » Լրահոս

Հանս Յոհեն Շմիդտ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահավետ է նախ Թուրքիայի համար»

Նոյեմբեր 13, 2009թ. 14:43

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը մամուլի ասուլիսի սկզբում հայտարարեց, որ գերադասում է լրագրողների հարցերին պատասխանել գրավոր և տպագրվելուց հետո հետևել դրանց, սակայն ասուլիսի ընթացքում ծագած հարցերից խուսափել չստացվեց: Չնայած հայ-թուրքական արձանագրություններն արդեն իսկ ստորագրվել են, այնուամենայնիվ, լրագրողների պահանջով դեսպանն «անդրադարձավ» դրանցում առկա նախապայմաններին, բայց գերադասեց չպարզաբանել, թե արդյոք արձանագրությունները կապվա՞ծ են Արցախի հարցի կարգավորման հետ, թե ոչ: Սակայն արձանագրությունների ստորագրումն անվանեց քաղաքական խիզախ քայլ, քանի որ քաղաքական առումով մշտապես վտանգավոր է նախապայմաններ դնելը:

«Արձանագրությունների ստորագրումը, հնարավոր է, նաև դրական ազդեցություն գործի Արցախի հարցի կարգավորման վրա: Հայկական կողմը պնդում է, որ ստորագրումից հետո չլինեն հավելյալ նախապայմաններ: Ես ևս կարևորում եմ այդ հանգամանքը և ցանկանում, որ արձանագրությունները շուտ վավերացվեն: Սա առաջին քայլն է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ուղղությամբ: Այն  կայունացնող գործոն կլինի տարածաշրջանի համար»:

Բացի այդ, Հանս Յոհեն Շմիդտը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և արձանագրությունների ստորագրումը շահավետ համարեց նախևառաջ Թուրքիայի համար, քանի որ, ինչպես ասաց դեսպանը, դրանով Թուրքիան կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն