Ադրբեջանցիները ճգնում են ազգ դառնալ, բայց դե…
Խորհրդային ժամանակների մնացուկ համարվող` «…ով» ու «…եվ» վերջավորություն ունեցող ազգանուններն այսուհետ պետք է փոխարինվեն «…լի», «…լու», «…լյու», «…զադե», «…օղլու» կամ «…գիզի» վերջածանցներով: Չի կարելի հեռանալ «ազգային» արմատներից, յուրաքանչյուր մարդ պետք է իր ազգի անվանումն ունենա:
Ընթերցողի համար, կարծում եմ, միանգամայն հասկանալի է, որ խոսքը ադրբեջանական հերթական «գլուխգործոցի» մասին է: Այդ երկրի իշխանություններն իրենց գիտնականներին մի նոր հրահանգ են տվել` ևս մեկ քայլ կատարել որպես ազգ ձևավորվելու այդ բա~րդ ու դժվարին ճանապարհին: Հայերիս մշակույթն ու պատմությունը զավթելուց զատ, այս անգամ ադրբեջանական գիտնականներին հրահանգվել է վերջնական տեսքի բերել ադրբեջանական անկապ ազգանունները, գտնել ադրբեջաներենին (անկեղծ ասած, դժվարանում եմ հասկանալ, թե ադրբեջաներեն ասվածը լեզվաընտանիքներից որի՞ն է պատկանում, ափսոս գոյություն չունի քոչվորական լեզվաընտանիք, թե չէ սա անպայման 1-ին տեղում կհայտնվեր) քիչ թե շատ հարիր ածանցներ, որոնցով հնարավոր կլինի ադրբեջանցիների ազգանունները դարձնել միանման:
Հարևան հայերի ազգանունները միանման են ու վերջանում են «…յան»-ով, բա ո~նց կլինի, որ իրենց 90 տարվա քոչվոր գոյությամբ հանկարծ հետ մնան չորսհազարամյա հարևանից… Ադրբեջանցիները երևի մտածում են, որ միանման ազգանուն ունենալուց է, որ հայերն աշխարհում համարվում են ամենահին ազգերից մեկը, ու որպեսզի իրենք էլ հին ժողովուրդների շարքում դասվեն, իրենց կարճ խելքով որոշել են ադրբեջանական միանման ազգանուններ հորինել: Ու քանի որ հորինելու մեջ մեծ վարպետ են (սրանց ողջ պատմությունն է հորինված), անցել են գործի:
Եվ ահա արդեն ադրբեջանցի մի պատգամավորուհի` Լալա Աբբասովան, դիմել է երկրի Սահմանադրական դատարան` իր ազգանունը Աբբասբեյլի դարձնելու համար: Հավա Մամեդովան շուտով կդառնա Մամեդլի, իսկ հայատյացությամբ փայլող երեսփոխան Էլդար Իբրահիմովն իր համար ընտրել է Իբրահիմլի ազգանունը:
Ադրբեջանցիները նաև որոշել են պատասխանատվության ենթարկել բոլոր կարգազանցներին` չնայած Եվրախորհրդից արդեն դժգոհության արձագանքներ են ստացել: Մասնավորապես, եվրոպական կառույցը շեշտում է, որ չի կարելի մարդուն ստիպել փոխել սեփական անունն ու ազգանունը: Դրանք մարդու հիմնարար ազատություններին հակասող երևույթներ են: Սակայն Ադրբեջան կոչվող արհեստածին պետության համար դրանք ամենևին նշանակություն չունեն: Եթե պետք է սեփական պատմությունը հորինել, ուրեմն, կհորինվի` անկախ այն բանից, թե ինչպիսի անհեթեթ իրավիճակների մեջ կարող են հայտնվել: Եթե պետք է «հայրենիք» հորինել, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդի համար, ուրեմն կհորինվի այդ հայրենիքը, ոչինչ, որ այդ «հայրենիքը» երբեմն աղվանական երկրի ժառանգորդը կհամարվի, երբեմն` Լենկ-Թեմուրի, երբեմն էլ` անգամ, Ալեքսանդր Մակեդոնացու…
Հետաքրքիր է, ի՞նչ ազգանուն կընտրի իր համար, ասենք, Ադրբեջանի
արտգործնախարար Մամեդյարովը: Գուցե Մամեդօղլո՞ւ, սա ավելի սազական կլինի, մանավանդ որ, ավագ թուրք-եղբայրն էլ նման վերջածանց ունի` Դավութօղլու: Իսկ ավելի հետաքրքիր կլինի իմանալ Ադրբեջանի, հավանաբար, ցմահ նախագահ Իլհամ Ալիևի ապագա ազգանունը` Ալիլի, Ալիլու, Ալիլյու, Ալիգիզի կամ էլ Ալիզադե:
Ամեն դեպքում` արտաբերման համար խիստ անդուր «լու-լու»-նե~ր, «լյու-լյու»-նե~ր, ու «զադե»-ներ: Թերևս այս տհաճությունն է, որ առաջացրել է եվրոպացիների դժգոհությունը:
Նաիրի Հոխիկյան












