Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյան. «Հեռուստամարաթոնը նվիրված է մեր հարազատ Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը»

Նոյեմբեր 13, 2009թ. 17:35

ShushiԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ:

Նշելով, որ այս տարի հեռուստամարաթոնը նվիրված է մեզ համար առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը, երկրի ղեկավարը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները և պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ Բակո Սահակյանը կարևորել է մեր հանրապետության բնակչության առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:

Նախագահն ընդգծել է, որ այս տարի մարաթոնի նախապատրաստական աշխատանքները Սփյուռքում իրականացվել են փոքր-ինչ այլ ձևաչափով. Մոսկվայում մեր հայրենակիցների հետ ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել հանրապետության նախագահը, Ֆրանսիա է մեկնել ԱԺ նախագահը, իսկ ԱՄՆ կմեկնի վարչապետը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԼՂՀ-ում նշված գործընթացի համակարգումը երկրի ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին:

Այնուհետև Նախագահն անդրադարձել է ջրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև այս տարվա բերքահավաքի արդյունքներին՝ գնահատելով այն հաջողված, չնայած բազմաթիվ բնական աղետներին: Նշված հարցերի շուրջ զեկուցումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն