«Մեր նպատակն է օտարագիր հայ գրողներին դարձնել մեր մշակույթի դեսպանները այլ երկրներում»
Այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուիի հետ միասին ներկայացրեց հոկտեմբերի 6-8-ի Լոս-Անջելեսում կայացած Օտարագիր հայ գրողների երրորդ համաժողովի արդյունքները:
Բանախոսները համաժողովը կարևորեցին նաև նրանով, որ տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի գրողները հնարավորություն են ստանում ծանոթանալու մայր հայրենիքի և միմյանց հետ. «Հաճախ, միևնույն երկրում ապրելով և շատ ժամանակ միևնույն թեմաներին անդրադառնալով (ինչպիսին, օրինակ, Ցեղասպանությունն է), նրանք չեն ճանաչում միմյանց»:
ԳՄ նախագահի խոսքերով` 2002 թվականից Գրողների միությունն սկսել է մի նոր շարժում, որի նպատակն է ընդլայնել Հայաստան-Սփյուռք կապերը: Հետագայում շարժումն ընդգրկել է նաև օտարագիր հայ գրողների:
«Չնայած նրանցից յուրաքանչյուրը պատկանում է այն երկրի գրականությանը, որը ներկայացնում է, այնուամենայնիվ, նրանք նաև հայ գրականության կարևոր մասն են կազմում»,- ասաց Լևոն Անանյանը:
Հայագետ պրոֆեսոր Քաուիի խոսքերով` համագումարը նվիրված է եղել հիմնականում ինքնության հարցերին, ինչպիսիք են` ցեղասպանությունը, ընտանիքը. «Այսօրվա սերունդն էլ է անդրադառնում Ցեղասպանության հարցին, բայց նա դա պատկերացնում է այնպես, ինչպես միջնորդավորված լսել է իր նախնիներից:
Քանի դեռ հարցը չի լուծվել, յուրաքանչյուր ոք կրելու է Ցեղասպանության ցավը և այն փոխանցելու է սերունդներին»:
Նշենք, որ օտարագիր հայ գրողների առաջին համագումարը տեղի էր ունեցել Հայաստանում, իսկ երկրորդը` Հայաստանում և Արցախում: ԳՄ նախագահը տեղեկացրեց, որ չորրորդը տեղի կունենա Մոսկվայում:
ArmAr.am












