Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում մտահոգ են, որ Արևմուտքը ձգտում է մասնատել երկիրը

Նոյեմբեր 14, 2009թ. 10:00

meglisԹուրքիայում`վերջին օրերին գրեթե հետին պլան է մղվել հայ-թուրքական հարաբերությունների հարցը:  Փոխարենը, առաջնային տեղում է քրդական հարցը:

Թուրքիայի մեջլիսում շարունակում են քրդական հարցի շուրջ քննարկումները: Նկատենք, որ այն երկրում ներքաղաքական լարվածություն է ստեղծել:

Սակայն երեկ «ժողովրդավարական բարեփոխումներ» ծրագրի քննարկումը, ի տարբերություն նախորդ օրերի ծեծկռտուքից, ընթացավ  առավել խաղաղ մթնոլորտում:

Բարեփոխումների վերաբերյալ առաջինը ելույթով հանդես է եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը: Նա դարձյալ հայտարարեց, որ այս բարեփոխումները կնպաստեն երկրում ազգային միասնությանն ու եղբայրությանը: Այնուհետև ելույթ են ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ղեկավարները:

Իսկ վերջում, ընդմիջումից հետո, հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա ելույթը հիմնականում եղել է շատ զգուշավոր, մասամբ նաև լղոզված: Նա հիմնականում կոչ արել հաստատել «ժողովրդավարական բարեփոխումների» ծրագիրը, որը նպաստելու է երկրի ժողովրդավարացմանը: Ապա հայտարարել է. «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել այն երկրների հետ, որոնց դեմ պատերազմել է»: Փաստորեն, Էրդողանը ներկաներին  խորհուրդ է տվել  այս դեպքում ևս կիրառել իրենց  առաջնորդի ճկուն դիվանագիտությունը:

Ըստ նրա, «Ժողովրդավարական բարեփոխումները» ծրագիր է, որը ազգային միասնության կհանգեցնի, որ դրանց իրականացումը կնպաստի քրդական հարցի լուծմանը և երկրում վերջ կդրվի ահաբեկչությանը: Էրդողանի կարծիքով, սա քրդական հարցի խաղաղ լուծման միակ տարբերակն է:

Սակայն Թուրքիայի ընդիմությունը շարունակում է արտահայտել իր մտավախությունը, որ այս բարեփոխումները` Թուրքիայի համար վտանգավոր զիջումների միայն առաջին քայլերն են:  Ըստ թուրք որոշ վերլուծաբանների, այս փոփոխությունները երկիրը   կտանեն մասնատման: Նրանք  հիշեցնում են, որ  19-րդ դարից սկսած Արևմտյան տերությունները ձգտում են հասնել Թուրքիայի մասնատմանը  և , որ նման քայլերով նրանք կհասնեն իրենց  ծրագրի իրականացմանը…

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն