Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը փակուղու մեջ է

Նոյեմբեր 16, 2009թ. 09:30

g_imageՎերջին շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բավական լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտցրել Հայաստանը շրջափակելու Ադրբեջանի մարտավարությունը: Արդյունքում` պաշտոնական Բաքվում ստեղծվել է այնպիսի անորոշ իրավիճակ, երբ հին` իրեն սպառած քաղաքականությունն այլևս ոչնչով փոխարինելու հեռանկար չկա: Սակայն Ադրբեջանի խնդիրներն արտաքին քաղաքականության դաշտում ամենևին էլ չեն նվազել: Թուրքիայի քաղաքականությունը էներգետիկայի ոլորտում, զրոյի է հավասարեցրել Արևելք-Արևմուտք ճանապարհին էներգակիրների տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու Ադրբեջանի բոլոր հույսերը: Այսօր պաշտոնական Անկարան այդ հարցում ավելի նպատակահարմար է համարում համագործակցել Իրանի և Ռուսաստանի հետ: Իսկ ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և Բաքու-Էրզրում գազամուղին, ապա դրանց վիճակված է  պահեստային խողովակաշար դառնալու ճակատագիրը:

Ադրբեջանի դիվանագիտությունը, պարզ գիտակցելով էներգետիկայի ոլորտում իրեն սպասվող տխուր հեռանկարը, իր հույսն ամբողջությամբ կապել է Ռուսաստանի հետ: Այդ իսկ պատճառով սույն թվականի հոկտեմբերի 14-ին ադրբեջանական ՍՕԿԱՌ ընկերությունը տարեկան 500 միլիոն խ/մ գազ վաճառելու պայմանագիր է կնքել ռուսական Գազպրոմի հետ: Ընդ որում, այդ պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանում արտահանվող ցանկացած տիպի գազի վաճառք Ռուսաստանին, ինչը գործնականում նշանակում է, որ Գազպրոմը հնարավորություն է ստանում գնել նույնիսկ արևմտյան ընկերությունների համար նախատեսված գազը: Բացի այդ, պաշտոնական Բաքուն որոշել է այլևս մեծ նշանակություն չտալ Հայաստանը շրջանցող այլ կապուղիների շինարարությանը: Այսպես, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը կրճատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ֆինանսավորումը` տարեկան 80 միլիոն մանաթից հասցնելով 30 միլիոնի:

Այս ամենն, իհարկե, զգալիորեն թուլացնում է Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում: Եվ դա տեղի է ունենում բավական արագ տեմպերով: Այսօր արդեն անզեն աչքով է նկատելի, որ, օրինակ, Արևմուտքն իր տարածաշրջանային քաղաքականությունում Ադրբեջանին նույն կարևորությունը չի տալիս, ինչ մեկ տարի առաջ: Ադրբեջանն այլևս չի արժանանում լուրջ ուշադրության տարածաշրջանային գերտերությունների կողմից և արդեն բավական տևական ժամանակ է,  ինչ պաշտոնական Բաքուն արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի նոր նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Արտաքին քաղաքականության դաշտում ստեղծված այս վակուումը հաղթահարելու նպատակով Ադրբեջանում ոչ մի ռեալ առաջարկ չկա: Իլհամ Ալիևի վարչակազմը, որը միշտ աչքի է ընկել միջազգային ոլորտում բավական ակտիվ քաղաքականությամբ, փորձում է այս օրերին հարաբերությունները խորացնել Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև հետխորհրդային շրջանի մի շարք երկրների հետ: Վերջին մի քանի օրերի ընթացքում Իլհամ Ալիևը հասցրել է հանդիպել Սլովենիայի, Բելառուսի և Բուլղարիայի նախագահների հետ: Սակայն բոլոր այս հանդիպումներն ավելի շատ կարելի է դեկլարատիվ բնութագրել, քանի որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ մի կապ չունեն տարածաշրջանի քաղաքական զարգացումների հետ:

Հարավային Կովկասում Ադրբեջանի կարևորության և դերակատարության նվազումը ստիպել է պաշտոնական Բաքվին էլ ավելի մեծ նշանակություն տալ լոբբիստական քաղաքականությանը: Եթե նախկինում հիմնական շեշտադրումները վերաբերվում էին Հայաստանի վարկաբեկմանը միջազգային ասպարեզում, ապա այսօր առաջնահերթ խնդիր է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի տապալումը: Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար, ադրբեջանական քարոզչական մեքենան չի խորշում անգամ Թուրքիայի ղեկավարությանը վարկաբեկող միջոցների կիրառումից: Եվ դա լիովին հասկանալի է: Այսօր Ադրբեջանի իշխանություններն ու Թուրքիայի ընդդիմությունը, փաստորեն, միավորել են իրենց ջանքերը Թուրքիայի իշխանության դեմ պայքարում:

Սակայն, իրականում, այսօր ադրբեջանական դիվանագիտությունը շատ ավելի կարևոր խնդիր ունի: Բանն այն է, որ տարածաշրջանային քաղաքական գործընթացներից մեկուսանալուց զատ Ադրբեջանը մեկուսանում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Թուրքական դիվանագիտության ջանքերի շնորհիվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ամբողջովին կապվել է արցախյան հիմնահարցի հետ: Այսօր հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլն է, որ խոչընդոտում է հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացմանն ու երկկողմանի հարաբերությունների հաստատմանը: Սակայն այս գործում ղարաբաղյան գործոնից զատ մեծ ազդեցություն ունի նաև միջազգային ճնշումների գործոնը: Մի բան, որը թուրքական դիվանագիտությունը դեռևս չի կարող հաղթահարել: Ուստի, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանն առանց հայկական կողմից Արցախում տարածքային զիջումներ ստանալու, ապա Հայաստանը հանգիստ կարող է Լեռնային Ղարաբաղի խնդրում գործել այնպես, ինչպես հարմար է գտնում:  Այդ պարագայում եվրոպական ոչ մի երկիր չի կարող մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին, քանի որ միջազգային հանրությունը, փաստորեն, ընդունել է Թուրքիայի պահանջը ներառել Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ:

Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն