Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Համախմբում՝ համահայկական գաղափարի շուրջ

Նոյեմբեր 16, 2009թ. 12:18

Ara Vardanyan«Հայաստան» համահայկական հիմնադրամի  Գործադիր տնօրեն Արա Վարդանյան. «Ամեն օր մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում տարբեր գյուղերից, տարբեր մարդկանցից՝ օգնության խնդրանքով: Ցավոք, չենք կարող բոլորին արձագանքել։ Բայց համոզված եմ, որ ի վերջո «Հայաստան» համահայկական հիմնադրամը կդառնա այն կառույցը, որը կունենա 2 կամ 3 միլիոն նվիրատու, և այդ ժամանակ արդեն հնարավորություն կունենանք լուծել կուտակված բոլոր  խնդիրները` և՜ Հայաստանում, և՜ Արցախում։ Բայց դրա համար, իհարկե, ժամանակ է պետք»։

Նախապատմություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն 17 տարվա պատմությունի ունի։ Այն հիմնվել է Հայաստանի և Արցախի համար դժվարին տարիներին. Հայաստանում` երկրաշարժ, Արցախում՝ պատերազմ։ Այս վճռորոշ պահին գերխնդիր էր ողջ հայության ուժերի համախմբումը` հանուն Արցախի ու Հայաստանի:

Եվ այդ կապող օղակի դերը ստանձնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Հիմնադրամն այս տարիների ընթացքում կարողացավ հսկայածավալ աշխատանքներ կատարվել։ Իր ստեղծման օրից շատ չանցած՝ տարբեր երկրներում բացվեցին հիմնադրամի տեղական մարմինները, որոնք տվյալ երկրում տեղային աշխատանք էին կատարում։  Հայաշատ համայնքներ ունեցող գրեթե բոլոր երկրներում հիմնադրամին աջակցող խմբեր կազմակերպվեցին։ Ներկայումս հիմնադրամը տեղական մարմիններ ունի աշխարհի 18 երկրներում։

Մի քանի օր առաջ Հունաստանում է տեղական մարմին հիմնվել։ Հատկանշական է, որ տեղական մարմինների խմբերում ներգրավված մարդիկ աշխատում են անվճար։

Անցած տարի նոր տեղական մարմին  բացվեց Սիրիայում։ Առաջիկայում պլանավորվում է դրանք բացել նաև Ռուսաստանի մի քանի մարզերում, Իտալիայում և Ուրուգվայում։ «Հույս ունենք, որ առաջիկա 1-2 տարում այդ երկրներում ևս կկարողանանք ունենալ ներկայացուցչություններ»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` մեզ հետ զրույցում։

«Մեր Շուշին»- Նոյեմբերի 26

Արցախ աշխարհի նախկին մայրաքաղաք Շուշին, որ համարվել է նաև Արցախի մշակութային մայրաքաղաքը, մինչև 20-րդ դարասկիզբը կարևոր դեր է խաղացել ոչ միայն Արցախի, այլև Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում:

Շուշին համարվել է այն քիչ քաղաքներից մեկը, որը մշակութային ու տնտեսական սերտ կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի, Եվրոպական մի շարք երկրների հետ։

19-րդ դարավերջերին Շուշին 60 000 բնակչություն  ուներ։ Սակայն 1920թ. թյուրքական բաշիբոզուկների ու բոլշևիկների «թեթև ձեռքով» հայ մշակույթի ու արվեստի կենտրոնը հայաթափվեց։ Մինչև Արցախյան ազատամարտի տարիները քաղաքը բնակեցված էր բացառապես ադրբեջանցիներով։

Պատերազմի տարիներին  ադրբեջանցի հրոսակները Շուշին վերածել էին  ռազմական հենակետի: Քաղաքի բարձր դիրքը շատ  հարմար էր՝ Ստեփանակերտը կրակահերթի տակ պահելու համար:  1992 թ. մայիսի 6-ին Շուշին, վերջապես, ազատագրվեց՝ մեր հերոս տղաների կամքի ու արյան գնով։

Շուշիում նորից հնչեց հայի խոսքն ու աղոթքը, ավերակներից վերհառնեց` վերստին հայացած մեր Շուշին։

Այսօր Շուշիում բնակվում է 3000 մարդ, նրանց զգալի մասը փախստականներ են` ադրբեջանցիների կողմից հայերի դեմ կազմակերպված Բաքվի ու Սումգայիթի հայտնի կոտորածներից փրկվածներ

Ուրախալի է, սակայն, այն փաստը, որ այսօր Շուշիում բնակչության բնական աճի միտում է նկատվում. այս տարի ծնունդների թիվը` նախորդ տարվա համեմատ, գերազանցել է 38 –ով:

Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել էր, իսկ հիմնովին վերականգնման նպատակով հարկավոր էր կազմել քաղաքի նոր հատակագիծ.  այն ստեղծվեց  2007թ-ին։  Այսօր արդեն նախատեսվում է` մինչև 2020 թվականը Շուշին վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն։

Նոյեմբերի 26-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպված հեռուստամարաթոնից ստացված հասույթը ևս կուղղորդվի Շուշիի վերականգնմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա ծրագիրը նվիրված է  Շուշիին, բայց դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք Հայաստանի և Արցախի այլ շրջանները,- ասում է Ա. Վարդանյանը,-ուղղակի մենք սկսում ենք աշխատանքներ իրականացնել նաև Շուշիում»։

Շուշիում այսօր ամենագլխավորը խմելու ջրի խնդիրն է, ինչից զրկված է քաղաքը։ Այս խնդիրը լուծելու համար հսկայածավալ աշխատանք է կատարել «Շուշի- վերածնունդ» հիմնադրամը։ Նրանց աշխատանքի շնորհիվ խմելու ջրի ջրագիծն արդեն հասել է Շուշի։ Սակայն, ջրագծից բացի, անհրաժեշտ է նաև ներքին ցանցը վերականգնել, որի աշխատանքների իրականացմանը կուղղվեն նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնից հավաքագրված գումարները։ Նշյալ աշխատանքներն իրականացնելու համար նախնական հաշվարկներով մոտ 2մլն դոլար է անհրաժեշտ։ Ա. Վարդանյանը համոզված է, որ հավաքագրված գումարն ավելին կլինի, ուստի այդ ծրագիրը, միանշանակ, իրագործվելու է։

Բացի այս, Շուշիում շատ այլ խնդիրներ էլ կան. լուրջ խնդիր է բնակելի շենքերի տանիքների, ճանապարհների վերանորոգումը: «Դրանք ևս մեր ուշադրության կենտրոնում են լինելու, ուղղակի հնարավոր չէ այդ բոլոր խնդիրները լուծել այս մեկ տարում։ Սակայն մենք հետամուտ ենք լինելու և շարունակելու ենք մեր աշխատանքը Շուշիում,-ասում է Ա.Վարդանյանը:- ԼՂՀ կառավարությունը Շուշիի համար արդեն իսկ մշակել է զարգացման ծրագիր, որը նախատեսված է 5-10 տարվա համար, և մենք ուղղակի մեր ներդրումն ենք ունենալու այդ ընդհանուր ծրագրում»։

Բացի այդ, Շուշիում կվերանորոգվեն  Խ. Աբովյանի և Մուրացանի անվան դպրոցները։ Ի դեպ, Մուրացանի անվան դպրոցը կվերակառուցվի հատուկ տիպի դպրոց-ուսումնարանի։ Այնտեղ, բացի դասերից, աշակերտները հնարավորություն կունենան հմտանալ նաև բազմաթիվ արհեստներում. դրանք հիմնականում կլինեն գյուղատնտեսական և շինարարության ոլորտի տարբեր մասնագիտություններ, որոնց կարիքն այսօր ԼՂՀ-ում մեծ է։  Հիմնադրամի նախաձեռնությամբ Մուրացանի անվան դպրոցը կքույրանա Ֆրանսիայի նմանատիպ մի դպրոցի հետ։

Ազոխ-Մեծ թաղեր-Դրախտիկ

Ի դեպ, Արցախի շատ շրջաններում է խմելու ջրի խնդիրն օրակարգային։ Ուստի հիմնադրամի ծրագրված աշխատանքներից շատերն ուղղված են խմելու և ոռոգման ցանցերի վերանորոգմանը, կառուցմանն ու վերականգնմանը։

Օրեր առաջ Ազոխ, Մեծ թաղեր գյուղերում շահագործման հանձնվեց ջրատարը. «Ազոխը և Մեծ թաղերը մեկ ծրագրի մաս կազմող երկու գյուղեր են, այս ծրագրում ընդգրկված է նաև Դրախտիկը, այնտեղ աշխատանքները կավարտվեն 2-3 շաբաթից։ Մեկ տարի առաջ, երբ այցելեցինք Մեծ թաղեր, մարդիկ չէին հավատում, որ այդ ծրագիրն իրականություն կդառնա և իրենք, ի վերջո, ջուր կունենան։ Դրա պատճառներից մեկն այն էր, որ գյուղը բարձրադիր է, և այնտեղ ջրատար անցկացնելը լուրջ խնդիրների հետ էր կապված։ Բայց, ի պատիվ մեր հայ շինարարների, այդ ծրագիրն իրականացվեց»,-ներկայացնում է Ա. Վարդանյանը։

Դպրոցաշինություն

«Յուրաքանչյուր օր զարմանում եմ ու մտածում, որ ավելի վատ պայմաններ չեն կարող լինել, բայց գտնվում է մի գյուղ, որտեղ մենք այցելում ենք և տեսնում ենք ուղղակի աննկարագրելի վատ պայմաններ։ Նման պայմաններում էին սովորում սպիտակաշենցի երեխաները»,- ասում է Արա Վարդանյանը։

Հիմա արդեն Սպիտակաշենի դպրոցը նոր տեսք ու բովանդակություն ունի։

Հիմնադրամի ծրագրերով նոր դպրոցներ են կառուցվում ԼՂՀ Ճարտար, Գիշի, Վաղուհաս գյուղերում, այս գյուղերում ապրող երեխաները մոտ 1,5 տարի հետո կհաճախեն նոր դպրոցներ։

Վերակառուցվում է նաև Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը։ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ էլ վերանորոգվում է Լոռու մարզի Արցնիի միջնակարգ դպրոցը։

Սիրտը չի կարող սպասել

Ներկայումս Գորիսում սրտաբանական հիվանդանոց է կառուցվում, որը սպասարկելու է ԼՂՀ  և շրջակա մարզերի բնակչությանը։ Նման հիվանդանոց կառուցելու համար հիմք էր հանդիսացել Նորքի սրտաբանական հիվանդանոցի մասնագետների ուսումնասիրությունը, որով պարզվել է, որ սրտի տագնապ ապրած մարդկանց ԼՂՀ-ից և Հայաստանի հեռավոր շրջաններից ուղղակի չեն հասցնում բերել Երևան, ճանապարհին մարդիկ մահանում են։ Ուստի. «Պետք էր, որպեսզի մի հանգրվան ստեղծվեր, որտեղ այդ հիվանդները կստանային առաջին բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում՝ ոչ բարդ վիրահատություն կարվի, որից հետո, եթե անհրաժեշտություն լինի, մարդկանց կնախապատրաստեն և կտեղափոխեն Երևան։ Այդ հիվանդանոցի կառուցումը Ֆրանսիայի մեր տեղական մարմինն է ֆինանսավորում։ Այդտեղ շատ լուրջ դեր ունի նաև Ֆրանսիայում «Հայ բժիշկների միությունը», որն այդ հիվանդանոցի կառավարումը, բժիշկների վերապատրաստումը և նմանատիպ բոլոր այլ խնդիրները կվերցնի իր վրա»,-ասաց Ա. Վարդանյանը։

Բացի այս, ներկայումս Գերմանիայի, Լիբանանի, Ավստրալիայի և Շվեյցարիայի տեղական մարմինների աջակցությամբ վերանորոգվում է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը։ Անգլիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ Երևանում վերանորոգվում է Սրբ. Աստվածամայր բժշկական կենտրոնի մի հարկաբաժին։ Անգլիայի տեղական մարմնի օգնությամբ նախատեսվում է վերանորոգել Ղափանի մանկական հիվանդանոցը։ Այս հիվանդանոցի վերանորոգումը կկատարվի հիմնադրամին կտակված 1մլն դոլար գումարով. բարերարի անունը կհրապարակվի հեռուստամարաթոնի օրը։

Գերխնդիրը Հայաստանի և Արցախի հզորացումն է

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ստեղծման պահից ի վեր, յուրաքանչյուր տարի, ունեցել է բարերարների թվի աճ։ 1996թ. 17 հազար բարերար ուներ, անցած տարի այդ թիվն արդեն 37 հազար էր։ Հիմնադրամի տնօրենը համոզված է, որ այս տարի այդ թիվը կգերազանցվի։ Բոլոր նվիրատուները նույն կարգավիճակում են, այստեղ չի կարևորվում նվիրաբերված գումարի չափը. «Մեր գերխնդիրն է՝ համախմբել հայությանը մեկ նպատակի շուրջ. այն է՝ Հայաստանի և Արցախի հզորացումը։ Մեզ համար կարևոր չէ, թե մարդն ինչքա՞ն գումար կնվիրաբերի, կարևոր է, որ նա մաս կազմի համահայկական գաղափարին։ Մենք նույն կերպ ենք աշխատում բոլոր նվիրատուների հետ։ Նրանք բոլորն էլ առավելագույն հաշվետվություն են ստանում մեզնից, թե՝ իրենց տրամադրված գումարներն ինչպես են ծախսվել, և թե ինչ փուլում է գտնվում այն ծրագիրը, որում ներդրված է նրանց նվիրաբերած գումարը»,- ասում է հիմնադրամի գործադիր տնօրենը։

Այս տարվա հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորը` Վիվասել-ՄՏՍն է

Ի դեպ, Հայաստանի և Արցախի բնակիչները «Հայաստան» համահայկական հիմնադրամին իրենց նվիրատվությունը կարող են կատարել «Հայփոստի» բոլոր բաժանմունքներում։  Բացի այդ,  այս տարվա հեռուստամարաթոնի գլխավոր հովանավոր Վիվասել-ՄՏՍի հետ համագործակցության շնորհիվ, վերջինիս բոլոր բաժանորդները կարող են աջակցել հիմնադրամին` SMS  ուղարկելով և իրենց հեռախոսային հաշվից հիմնադրամին գումար փոխանցելով։ Իհարկե, այս դեպքում մեծ գումարների մասին խոսք գնալ չի կարող. առաջարկված է գումարի  երեք տարբերակ՝ 200, 600 և 1000 դրամ։ «Մենք պետք է հասկանանք, որ եթե բոլորս 200 դրամ նվիրաբերենք, դրանով հնարավոր կլինի ևս մեկ դպրոց կառուցել»։

Բացի ռազմավարական նշանակության ծրագրերից, որոնք հիմնականում իրականացվում են դրամահավաքների միջոցով, «Հայաստան» համահայկական  հիմնադրամի աշխատանքում մեծ տեղ են գրավում նաև նպատակային ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում անհատ բարերարների աջակցությամբ։ «Այս պահին 7-8 բարերարների հետ բանակցում ենք՝ նոր ծրագրեր ստանձնելու համար։ Արդեն իսկ կա ծրագիր, որի իրականացումը ստանձնել է Մոնրեալում ապրող մի բարերար, կվերանորոգվի Աբովյանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքը։ Հոլանդիայի մեր տեղական մարմնի ուժերով վերանորոգվել է Չարենցավանի հիվանդանոցի ծննդատունը։ Բրազիլիայի տեղական մարմինը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի 2 հարկաբաժին է վերանորոգել. նրանք այդ հիվանդանոցում արդեն 3 տարի է` ծրագիր են իրականացնում»,– ասում է Ա. Վարդանյանը:

Նպատակային ծրագրեր

Բացի մեծ ծրագրերից, որոնք ամեն տարի մոտ 50-ն են, իրականացվում են նաև  բազմաթիվ փոքր ծրագրեր. գույքի տրամադրում, դպրոցների դասասենյակների կահավորում։ Միայն այս տարի Հայաստանում և Արցախում մոտ 14 հազար աշակերտի համար դպրոցական կահույք ու գույք է տրամադրվել։ Այս ծրագրերը շարունակական են։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ընդգծեց, որ հեռուստամարաթոնից հետո չի ավարտվում հիմնադրամի դրամահավաքը։ Հնարավոր է, որ մարաթոնի հաջորդ օրը որևէ մի բարերար ցանկանա իրականացնել մի ծրագիր Հայաստանում և Արցախում։ Այնպես որ… համահայկական գաղափարի շուրջ համախմբումն անընդմեջ է։

Գոհար ՓԻԼԹՈՅԱՆ


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն