«Ռուսական համայնքը Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև ընկած կամուրջ է»
Այս մասին ասել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի» տասնամյակի կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ:
Տոնակատարությանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը,Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ կառավարության անդամներ, Ռուսաստանից ժամանած հյուրեր, նրանց թվում` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (ՄՄՀՊՀ) Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Զախարովը և ՌԴ Ստավրոպոլի մարզի հայերի միության նախագսհ Արտյոմ Արզումանյանը:
Կազմակերպության ղեկավար Գալինա Սոմովան, ներկայացնելով կազմակերպության պատմությունն ու հետագա ծրագրերը, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ռուսների միությունը համախմբում է մոտ 280 հոգու, այդ թվում` ոչ միայն ռուսների, այլ նաև սլավոնական ծագում ունեցող մարդկանց:
«Ես սիրեցի Արցախը, սիրեցի նրանց, ովքեր ապրում են այստեղ և փորձում եմ իմ փոքր հնարավորություններով այդ սերն արտահայտել: Թող Աստված պահպանի ղարաբաղյան հողը` հինավուրց Արցախը»-, ասել է Վլադիմիր Զախարովը: Նա ռուսական համայնքին պարգևատրել է ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի և Ռուսաստանի Լերմոնտովյան կոմիտեի մեդալով` «Կովկասում խաղաղության և մարդասիրության համար»:
Իր հերթին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության և ռուսական համայնքի միջև գոյություն ունեցող լավ հարաբերությունների մասին և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:
ArmAr.am












