Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն
Ս. թ. նոյեմբերի 15-ին Սիրիայում պաշտոնական-հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ուղեկցող պատվիրակությանն ընդունեց ՍԱՀ նախագահ դոկտոր Բաշշար ալ-Ասադը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-սիրիական դարավոր պատմամշակութային կապերին և մերօրյա վերընթաց զարգացում ապրող բազմաբովանդակ հարաբերությունների խորացմանը:
Նախագահ Ասադը առանձնահատուկ կարևորեց Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը և հայության գործադրած ջանքերը երկրի տնտեսության ու հասարակական կյանքի զարգացման գործում:
Իր հերթին Վեհափառ Հայրապետը երախտագիտություն հայտնեց Սիրիայի նախագահին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության և բարյացակամ վերաբերմունքի համար: Միաժամանակ Վեհափառ Հայրապետը չափազանց բարձր գնահատեց Սիրիայի քաղաքական ղեկավարության, և մասնավորապես, նախագահ Ասադի կեցվածքը ազգային կրոնական փոքրամասնությունների նկատմամբ՝ նշելով, որ Սիրիան որպես երկիր և պետություն կարող է կրոնական հանդուրժողականության և հասարակական համերաշխության օրինակ ծառայել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներ: Հատուկ անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախագահ Ասադը, բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համարձակ քայլն, ընդգծեց, որ այն դրական կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության, համագործակցության և խաղաղ գոյակցության վրա:
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՍԱՀ վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-սիրիական երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու բոլոր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր:
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայրապետական հանդիսավոր Ս. Պատարագ մատուցվեց Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում:
Նոյեմբերի 15-ին Դամասկոսի «Կասր ան-Նուբալաե սրահում կազմակերպվեց ընդունելություն` ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ընդունելությանը ներկա էին ՍԱՀ գլխավոր Մուֆթին, արդյունաբերության նախարարը, ԱԳ փոխնախարարը, ՍԱՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 16-ի առավոտյան ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Սիրիա լայն արձագանք գտավ սիրիահայ համայնքում, ինչպես նաև տեղական մամուլի և հեռուստատեսության կողմից:
Վեհափառ Հայրապետը հարցազրույց տվեց սիրիական հեռուստատեսությանը:












