Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆԻ հոդվածաշարը`
Ադրբեջանական հանրապետություն
Այս դեպքում խնդիրը համեմատաբար պարզ է` Բաքվի հնարավոր քայլերի հաշվարկման ու վարքի կանխատեսման առումով: Դրանք կարելի է համախմբել երկու վարկածների շուրջ: Առաջին. Բաքուն և Անկարան համատեղ մշակված ու համաձայնեցված նույն նպատակին միտված խաղ են վարում տարածաշրջանում: Երկրորդ, այդ երկու պետություններն ունեն իրենց սեփական, շատ հարցերում չհամընկնող շահերը և վարում են ինքնուրույն քաղաքականություն: Եթե նույնիսկ առաջին վարկածի հավանականությունն ակնհայտ չլիներ, ապա մենք պարտավոր էինք այն առաջին շարքում դասել` հնարավոր վտանգներից ու ծուղակներից խուսափելու համար: Բնական է` նաև մյուս տարբերակը չանտեսելու պայմանով: Քննարկենք այդ տարբերակները:
Նախ ելնենք առաջին վարկածից` մեր կանխատեսումների հիմքում դնելով այն կանխադրույթը, ըստ որի Անկարան ու Բաքուն վարում են համաձայնեցված տարածաշրջանային խաղ: Համատեղ մշակված քաղաքական այդ խաղի գլխավոր նպատակը դժվար չէ կռահել` նախ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, նվազագույնի հասցնել հայկական գործոնը և ապա /կամ դրան զուգահեռ/ շարքից հանել նաև վրացական գործոնը` այս անգամ արդեն ազդեցության այլ լծակների հետ մեկտեղ գործողության մեջ դնելով ժողովրդագրական գրոհի մեքենան:
Ի վերջո, ծրագրի գլխավոր իմաստը տեղավորվում է պանթուրքիզմի մեր օրերում միջազգային հանրությանը ցուցադրաբար իբր թե անիմաստ ու, իբր թե «պատմականորեն ժամկետանց» ներկայացվող, բայց իրականում գործողության մեջ մնացող նախագծի հունում: Միանգամից նկատենք, որ Բաքվի ու Անկարայի մինչ այժմ ձեռնարկած միակողմանի կամ համատեղ քայլերում չկա մի քայլ, որ սկզբունքորեն չտեղավորվեր համատեղ մշակված ու համաձայնեցված գործողությունների նման մի ծրագրի շրջանակներում: Խաղը ենթադրում է նաև միմյանց նկատմամբ քննադատական հայտարարություններ, ցուցադրական անհամաձայնություն երկրորդական-երրորդական կարգի հարցերում և այլ նման կարգի գործողություններ ու ակցիաներ: Դրանց բացասական ազդեցությունն ու հանրային կարծիքի վրա թողած անցանկալի տպավորությունը հեշտությամբ հարթեցվում է եղբայրության ու երկու պետության մեջ ապրող նույն ազգի մասին արված մի քանի հայտարարություններով, ինչպես Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Սևծովյան համագործակցության երկրների արտգործնախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ դա արեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն:
Ասվածը նշանակում է, որ մենք իրավունք չունենք նրանց քաղաքականության մասին առաջադրվող այդ վարկածն անտեսել: Իսկ մյուս վարկածն այն մասին, որ Բաքուն ու Թուրքիան կարող են ունենալ լուրջ հակասություններ ու փոխբացառող պետական շահեր, պետք է «իրեն ցույց տա» շատ բացահայտ ու ակնառու ձևով, այնպես, որ հերքվի համաձայնեցված խաղի վարկածը: Առայժմ նման բան չի եղել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ անհամաձայնությունները, ընդհուպ մինչև հոկտեմբերի 10-ին ցյուրիխյան Արձանագրությունների ստորագրման կապացությամբ Ադրբեջանական Հանրապետության արտգործնախարարության «կոշտ» հայտարարությունը, դուրս չի գալիս համաձայնեցված խաղի շրջանակներից: Սակայն հենց այդ փաստաթղթերին հաջորդվելիք քայլերն են, որ իրենց մեջ պարունակում են այդ համաձայնեցված խաղը բացահայտելու ու քողազերծելու, Անկարան ու Բաքուն իրենց կենսական շահերի դաշտում միմյանցից հեռացնելու և նույնիսկ նրանց հակադրելու հնարավորությունը: Եվ այդ հնարավորությունը կապված է դարձյալ Կարսի բազմակողմ միջպետական պայմանագրի հետ: Այժմ` համառոտ այդ մասին:
Բանն այն է, որ Կարսի պայմանագիրը միաժամանակ վերաբերում է, մի կողմից, Հայաստանի ու Թուրքիայի և, մյուս կողմից, Հայաստանի ու Ադրբեջանական Հանրապետության հարաբերություններին: Ի դեպ, պայմանագրի այդ երկակի բնույթն է, որ Անկարան կփորձի օգտագործել` խառնվելու համար ՀՀ-ԱՀ վիճահարույց հարցերին: Նույնիսկ պայմանագրի հետ կապ չունեցող այնպիսի հարց, ինչպիսին Ղարաբաղյան հարցն է, Անկարան փորձում է մտցնել իր իրավասության հարցերի դաշտը: Չունենալով դրա համար իրավական հիմքեր` նա մեջտեղ է բերում «եղբայրական ժողովրդի նկատմամբ իր պատասխանատվության» փաստարկը: Դա քաղաքական փաստարկ է: Բայց կան նաև Երևանին ու Բաքվին վերաբերող այնպիսի հարցեր, որոնց հետ Անկարան ունի անմիջական իրավական առնչություն և այդ հնարավորությունը, ինչպես նշվեց վերը, տալիս է Կարսի պայմանագիրը:
Կարսում ստորագրված միջպետական բազմակողմ պայմանագրով, ինչպես հայտնի է, սահմանվել է ոչ միայն Խորհրդային Հայաստանի ու Թուրքիայի ընդհանուր սահմանը, այլև Նախիջևանի կարգավիճակը: Արդեն Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանն այդ պայմանագրով հանձնվել է Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը` ինքնավար տարածքի կարգավիճակով: Ինչպես հայտնի է, Կարսում` Մոսկվան ու Անկարան, ըստ էության, ստացել են Նախիջևանը Խորհրդային Հայաստանից Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը հանձնելու Երևանի համաձայնությունը: Դա մի վճիռ էր, որ Անկարան ու Մոսկվան նախապես կայացրել էին միակողմանի ձևով, առանց ՀԽՍՀ մասնակցության` Մոսկվայում կնքված ռուս-թուրքական բացահայտ ապօրինի պայմանագրով: Սակայն 1991-ին ԽՍՀՄ լուծարման ընթացքում Բաքվում ընդունված պետաիրավական մի շարք ակտեր բացահայտ հակասության մեջ մտան Կարսի պայմանագրի հետ, պայմանագիր, որ ոչ միայն Խորհրդային Հայաստանին պարտադրվել էր միջազգային իրավունքի խախտումներով, այլև հետագայում խախտվել էր Խորհրդային Ադրբեջանի ու ԽՍՀՄ-ի կողմից: Բայց այդ բոլորով հանդերձ` միջպետական բազմակողմ պայմանագիրը ԽՍՀՄ լուծարումից հետո վերադարձել է ելման կետ, երբ խորհրդային Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Խորհրդային Դաշնային Ռուսաստանը, որպես փաստաթուղթը ստորագրող կողմեր, ներկայացված էին որպես ինքնիշխան պետություններ: Խորհրդային տարիներին Բաքվի ու Մոսկվայի կողմից պայմանագրի մի շարք կետերի ապօրինաբար կատարված խախտումներն այլևս զուրկ են այն պաշտպանվածությունից, որ ապահովում էր Մոսկվան Երևանի վրա գործադրած բռնությամբ: «Պայմանագրի վերադարձը» 1921 թիվ ունի Անկարայի ու Բաքվի միջև հակասությունների բորբոքման իրական հիմք, որը, սակայն, պայմանավորված կլինի այն քաղաքականությամբ, որ Կարսի պայմանագրի կապացությամբ կորդեգրի Երևանը:












