Բարվոք ջրամատակարարման համակարգ` ԼՂՀ շրջաններում
Ոչ ուշ, քան մեկ տարի հետո` Լեռնային Ղարաբաղի հանրապետության շրջաններում կունենանք շատ ավելի բարվոք ու կառավարելի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգ. խոստանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը:
Որ համակարգն իսկապես լուրջ բարեփոխումների կարիք ունի, միանշանակ ընդունելի է, իսկ թե ո±րն է Ջրային տնտեսության վարչության պետի լավատեսության հիմքը, փորձեցինք պարզել հենց իրենից:
Հանրապետության շրջաններում ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների իրականացման համար առանձին կառույց ստեղծելու առաջարկը Ջրային տնտեսության վարչության պետը ներկայացրել է կառավարության` նոյեմբերի 10-ին կայացած նիստին: Գործադիրը հավանություն է տվել որոշման այդ նախագծին: Արդյունքում` կստեղծվի մի նոր կառույց` «Ջրամատակարարում եւ ջրահեռացում» փակ բաժնետիրական ընկերությունը` 10 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով, որի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են ԼՂՀ ԿԱ ջրային տնտեսության վարչությանը:
Սեյրան Միքայելյանը վստահեցնում է, որ հասունացել էր նման կառույց ստեղծելու անհրաժեշտությունը: Հիմնավորումն էլ բավական հստակ ու հասկանալի է. հանրապետության տարբեր շրջաններում գործող փոքր կազմակերպություններն ի վիճակի չեն լիարժեքորեն ապահովելու այս ոլորտի սպասարկումն ու վերահսկողությունը: Դրան զուգահեռ` հատկապես գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակներում լայն աշխատանքներ են տարվում հանրապետության շրջաններում ջրամատակարարման ցանցի կարգավորման եւ ընդլայնման ուղղությամբ:
Ջրային տնտեսությունում արդեն ավարտում են նոր կազմակերպության կանոնադրության նախագիծը: «Ջրամատակարարում եւ ջրահեռացում» փակ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի հանրապետության շրջանների սպասարկումը` իր ենթակայության տակ ունենալով բնակչությանը խմելու ջրով ապահովող կառույցների ողջ համալիրը. գույքագրումը կկատարեն առանց հետաձգելու, վստահեցնում է Ջրային տնտեսության վարչության պետը:
Արդեն նախանշվել են նաեւ կազմակերպության կառուցվածքային մանրամասները: Աշխատանքները կիրականացվեն հինգ` Ասկերանի, Շուշի-Քաշաթաղի, Մարտակերտ-Շահումյանի, Մարտունու եւ Հադրութի մասնաճյուղերի միջոցով:
Նորայր Հովսեփյան












