Թուրքերն ու ադրբեջանցիներն այլևս «մեկ ազգ» չեն
Վերջերս ադրբեջանական «Զերկալո» թերթն ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ հատկապես վերջին տարիներին` Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ «սառնություն» է զգացվում: Պարզվում է, ըստ թերթի, դա է փաստում այն, որ Ալիևի իշխանությունը շատ ավելի հազվադեպ է սկսել գործածել Հեյդար Ալիևի` «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Երկրորդ, թերթը նկատել է, թե առանց կոնկրետ պատճառի թուրք զինվորականները հեռացան Ադրբեջանից, իսկ ադրբեջանցի զինվորականներն էլ`Թուրքիայից: Երրորդ` «Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները դադարեցին այցելել Բաքվում թուրք զինվորի գերեզմանին. դա տեղի չունեցավ թուրքական զորքերի կողմից Բաքվի ազատագրման ոչ 90, ոչ 91-ամյակներին»: Չորրորդ` Ադրբեջանում նշանառության տակ են հայտնվել թուրքական սերիալները»: Հինգերորդ` Ադրբեջանում սկսեցին խոչընդոտներ հարուցել թուրք գործարարների համար, որոնք 1990-ականներին իրենց շատ լավ էին զգում այստեղ:
«Ամեն տարի ավելանում է թուրքական այն ընկերությունների թիվը, որոնք հեռանում են Ադրբեջանից. միայն 2009թ., ըստ որոշ տվյալների, ավելի քան 100 թուրք գործարար դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում: Ըստ տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի, 1990-ականների սկզբին և կեսերին Ադրբեջանում գրանցվել էր թուրքական 1267 ընկերություն, մինչդեռ այսօր դրանց կեսն էլ չի մնացել:
Թերթը եզրակացնում է. «Եղբայրական հարաբերությունները միանշանակ և, դատելով ըստ ամենայնի, հաստատուն չեն: Դա, միգուցե, ցավալի է, բայց ողբերգական չէ: Իսկ կատարվածի զգայական ընկալումը մեզ միայն կվնասի»:
Վերջերս ադրբեջանցի պատմաբան Էլդար Իսմայիլովը դարձյալ անդրադարձել է ադրբեջանցիների ու թուրքերի մեջև հարաբերությունների վատացման խնդրին` հետևյալ տեսանկյունից. նա կարծիք է հայտնել, թե ժամանակն է, որ Ադրբեջանը վերանայի Թուրքիայի և Ադրբեջանի մասին հանգուցյալ Հեյդար Ալիևի առաջարկած կարգախոսը` «Մեկ ազգ, երկու պետություն»: Այն ժամանակ այդ կարգախոսը խորհրդանշում էր թուրքերի և ադրբեջանցիների միասնականությունը, բայց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ադրբեջանցիներին ցույց տվեց, որ Թուրքիայի ազգային շահերը կարող են հակասել Ադրբեջանի շահերին: Նման հետևության հանգելով` Իսմայիլովն առաջարկում է նոր կարգախոս ընտրել, այն է` «Երկու ազգ, երկու պետություն»:
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ևս կանխատեսելով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացում` «1news.az» լրատվական գործակալությանն ասել է, որ իր համոզմամբ ԱՄՆ-ն է կանգնած է այս գործընթացների ետևում. «Այդ երկիրը մեզ հետ վարվում է ոչ դաշնակցի նման և անարդարացի» -հայտարարել է Գուլուզադեն:
ArmAr.am












