Արցախի մայր բուհը 40 տարեկան է
Արցախը նշում է 1969թ. ստեղծված մանկավարժական ինստիտուտի, իսկ այսօր արդեն` Արցախի պետական համալսարանի 40-ամյա հոբելյանը: Մայր բուհին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը եզրափակվեց նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի երիտասարդության և մշակույթի պալատում հրավիրված հոբելյանական երեկոյով, որին ներկա էին նաեւ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը ներկայացրեց Մայր բուհի անցած ուղին: Քառասնամյա տարեգրության ընթացքում բուհը գաղտնի ու բացահայտ պայքարի հիմնական օջախներից մեկն է եղել մայրենի լեզվի, ազգային, մշակութային արժեքների ամրապնդման ու տարածման արգելակման ուղղությամբ ադրբեջանական իշխանությունների հայահալած քաղաքականության դեմ:
Համալսարանի ռեկտորը ներկայացրեց կրթօջախի գործունեությունը այդ օրերից մինչև արցախյան շարժում ու գոյամարտի տարիներ, երբ համալսարանի մտավոր սերուցքը առաջամարտիկների շարքում էր: Նրանցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի անկախության պայքարին:
Նշանակալի են պետական համալսարանի նվաճումները. 7 ֆակուլտետ, 25 մասնագիտական ամբիոն, համակարգչային սենյակներ, գրադարան ու լաբորատորիաներ, աստղագիտարան: Համալսարանն այսօր համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերի հետ:
Մայր համալսարանի հոբելյանը շնորհավորել է հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի հրամանագրով մի շարք դասախոսներ պարգևատրվել են պետական պարգևներով:
Քաղաքական ու հասարակական վայրիվերումներում կոփված բուհին շնորհավորելու էին եկել նաև գործընկեր-համալսարանների ղեկավարները:
Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները ձեռնունայն չէին եկել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համակարգիչ և շուրջ 600 գիրք է հանձնել գրադարանին, ԵՊՀ ոսկեզօծ մեդալ` Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանին: ԱրՊՀ կոլեկտիվը պարգևատրվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից: Պատվոգրերով ու շքանշանով Արցախի Մայր բուհին ու ռեկտորին պարգևատրել է նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Արցախի գործընկերոջը շնորհավորելու էր եկել նաև Աբխազիայի պետական համալսարանի ներկայացուցիչը:
Հանդիսավոր երեկոյի ընթացքում հնչած բոլոր ելույթների առանցքում նույն համոզմունքն էր. եվրոպական երկրների համալսարանական ընտանիքում Արցախի պետական համալսարանի ճանաչումը ժամանակի խնդիր է:
Նորայր Հովսեփյան












